«Հեռահաղորդակցության հեքըթոնի» հաղթողները ստացել են իրենց մրցանակները

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակում տեղի է ունեցել Beeline Հայաստանի հետ համատեղ անցկացված «Հեռահաղորդակցության հեքըթոնի» մրցանակների հանձնման արարողությունը։

3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակով պարգևատրվել է հաղթող Lezoo թիմը, որը հեքըթոնի ընթացքում մշակել էր խմբակային զանգի հնարավորություն և համաժամանակյա թարգմանություն ապահովող լուծում։

Երկրորդ մրցանակին արժանացած iterate և megista թիմերը ստացել են 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ։ Iterate թիմը հեքըթոնի 24 ժամվա ընթացքում մշակել էր մի լուծում, որը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի տվյալների վերլուծության հիման վրա նրան առաջարկել օպերատորի ամենահարմար սակագնային պլանը։

«Հաղթող թիմերի լուծումները մշակված են նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: Նրանց հետագա զարգացման և ճիշտ շուկայահանման դեպքում կարող են դառնալ բավականին նորարար և եկատմաբեր պրոդուկտներ, որոնցով հետաքրքրված կլինեն հեռահաղորդակցության տարբեր օպերատորներ», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը հեքըթոնի հաղթող թիմերի հետ քննարկեցին նաև նրանց մշակած պրոդուկտների հետագա զարգացման հնարավորությունները, պոտենցիալ շուկաները և թիմերի հետ հնարավոր համագործակցությունը։