Re:scam. չատ-բոտ, որը կվատնի սպամ ուղարկողների ժամանակը

Նոր Զելանդիայում գործող տեղեկատվական անվտանգության Netsafe կազմակերպությունը գործարկել է Re:scam ծառայությունը, որը կոչված է փչացնել էլ. փոտով սպամ ուղարկող չարամիտների կյանքը:

Re:scam ծառայությունն աշխատում է հետևյալ կերպ՝ օգտատերը սպամ նամակը վերացնելու փոխարեն ուղարկում է  [email protected] էլ. հասցեին և չաթ-բոտը երկխոսության մեջ է մտնում սպամերների հետ: Netsafe-ի գաղափարը հետևյալն է՝ «Երբ դուք ջնջում եք սպամը, չարամիտները պարզապես անցնում են մեկ այլ թիրախի: Բայց եթե ուղարկում եք նամակը, ես սկսում եմ անվերջ երկխոսություն և սպամերները իրենց ժամանակը կծախսեն չաթ-բոտի հետ խոսելով»:

Այս ծառայության չաթ-բոտերը անընդհատ փոխում են իրենց «անձը», որպեսզի դժվար լինի հայտնաբերել, որ նրանց հետ ռոբոտ է շփվում:  Դատելով պրոմո-հոլովակից՝ բոտը կարողանում է ճշտող հարցեր ուղղել և ծաղրել չարամիտներին, օրինակ՝ «թելադրել» բանկային հաշվեհամարը յուրաքանրյուր նիշը մեկ նամակով ուղարկելով: