20 ՏՏ սթարթափ hարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր են ստացել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվել է ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի նիստ:
Քննարկման է ներկայացվել 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվել է դրական եզրակացություն:
Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից:
Նշենք, որ հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է:
Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին 8 ամսվա ընթացքում: