Google-ի և Uber-ի նախկին թոփ–մենեջերը հիմնել է «Արհեստական ինտելեկտի եկեղեցի»

Google-ի և Uber-ի նախկին թոփ–մենեջերներից Էնթոնի Լևանդովսկին, որն առանցքային դեր ուներ ինքնավար ավտոմեքենաների մշակման հարցում, հիմնել է «Արհեստական ինտելեկտի եկեղեցի», որտեղ մարդիկ խոնարհվում են «AI աստծու» առջև։ Հզոր ՏՏ ընկերությունների նախկին թոփ մենեջերը բավականին լուրջ է տրամադրված, իր «Way of the Future» AI եկեղեցում նույնիսկ սեփական «The Manual» կոչվող քարոզն է տարվում և հատուկ պաշտամունքի արարողություններ են կազմակերպվում։

«AI եկեղեցու» ստեղծման իմաստն այն է, որ մի օր համակարգչային բանականությունն ավելի ազդեցիկ և հզոր կդառնա, և կկարողանա առաջ անցնել մարդկայինից։ Լևանդովսկին Wired-ին տված հարցազրույցում նշել է, որ այս երևույթն իրական կդառնա ապագայում, բայց ոչ հաջորդ շաբաթ կամ հաջորդ տարի։ «Արհեստական բանականությունն ինքը կորոշի երբ և ինչպես զարգանալ, ծայրահեղ դեպքում մարդիկ կօգնեն նրան հանթհարել այդ շրջանը։ Ես շատ կցանկանայի, որ մեքենան մեզ ընդունի որպես իր սիրելի նախորդողների, որոնց մասին պետք է հոգ տանել և հարգել»,–ասել է նա։

Լևանդովսկին հավատում է, որ արհեստական բանականությունը կփոխի մարդկային գոյության յուրաքանչյուր ասպեկտ, ներառելով աշխատաշուկան, ժամանցը, կրոնը, տնտեսությունը և այլն։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին հանդիսանում է Waymo–ն (Alphabet–ի «դուստր» ընկերություն) ընդդեմ Uber–ի դատական գործով գլխավոր ֆիգուրներից մեկը։ Նա լքել է Waymo –ն 2016–ին և ստեղծել Otto ընկերությունը, որն զբաղվում է ինքնավար բեռնատար մեքենաների մշակմամբ։ Օգոստոսին Uber-ը 680 միլիոն դոլարով գնել է Otto-ն ամբողջ աշխատակազմի հետ։

2017–ի սկզբին Waymo–ն դատական հայց է ներկայացրել Uber-ի դեմ, պահանջելով դադարեցնել ինքնավար ավտոմեքենաների մշակումը։ Ինչպես հայտնել են ընկերության իրավաբանները` Google-ի նախկին աշխատակից Լևանդովսկին Uber-ին փոխանցել է 14 հազարից ավելի գաղտնի ֆայլեր։