Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը

Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը

Այսօր Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը։ Նպատակն է Շիրակի մարզի փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ։

Համաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը:

«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների»– ասել է կառավարության ղեկավարը։

Նշենք, որ 3 տարվա գործունեության արդյունքում Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս:

Վարչապետի համոզմամբ` բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ: 

«Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման և իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում և քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին»,-հավելել է նա:

Կարեն Կարապետյանն այս գործընթացում կարևորել է հատկապես երիտասարդների ներուժը։ Նշենք, որ համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։

Նշենք, որ Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ: