Inmates հոգեբանական սարսափ խաղի ստեղծման պատմությունը

Ջոնաթանը արթնանում է մղձավանջից բանտում` չիմանալով, թե ինչպես է հայտնվել այդտեղ։ Շրջապատող միջավայրն այնքան ծանոթ է թվում, գլխացավն ու իրականության հետ կապը կորցնելու զգացողությունն ստիպում են հավատալ, որ հերթական երազն է տեսնում։ Այսպես սկսվում է հայ խաղային դիզայների ստեղծած Inmates հոգեբանական սարսափ խաղը։ Այն վերջերս է հասանելի դարձել Steam խաղային հարթակում։ Խաղի ստեղծման` անվանումից մինչև ժանրի ընտրություն, դժվարությունների ու առաջիկա զարգացումների մասին itTrend-ին պատմել է Դավիթ Անդրեասյանը.

«Խաղերով հետաքրքրվում եմ փոքր տարիքից, բայց խաղեր պատրաստելով զբաղվում եմ վերջին 5 տարին։ Inmates-ն իմ առաջին խաղն է համակարգիչների համար: Հոգեբանական ֆիլմեր և գրականություն սիրելով ու դրանց ազդեցությունից առաջացավ խաղի գաղափարը: 

Առաջին քայլը պատմությունը գրելն էր: Խոչընդոտներ չափից շատ կային, դրանք մեծամասամբ տեխնիկական էին։ Խաղի անվանումն ի սկզբանե ուրիշ պետք է լիներ, բայց մշակման ընթացքում նույն անունով ֆիլմ թողարկվեց, ես էլ փոխեցի անունը` Inmates»:

Նշենք, որ Դավիթը գրում է նովելներ և դրանցից մեկն էլ հենց հիմք է ծառայել խաղի սցենարի համար։ Inmates-ի առանձնահատկությունն ու շեշտադրումն արված է պատմության և սիմվոլիկայի վրա, այն ուսուցողական տարրեր ունի։

Գործողությունները զարգանում են մութ միջավայրերում, խաղի ընդհանուր տևողությունը կազմում է 3-4 ժամ։ Յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում են գլուխկոտրուկներ և անհրաժեշտություն է առաջանում ճիշտ որոշումներ կայացնել, լուծումներ ու ճանապարհներ փնտրել և չկորցնել խաղի պատճառահետևանքային կապը։

«Պետք է փորձել խաղալ մաքսիմալ տրամաբանելով ու դետալներին ուշադրություն դարձնելով։ Մշակման վրա մենակ եմ աշխատել, ընթացքը տևել է 26 ամիս, այդ ընթացքում ընկերներս շատ են օգնել, թե՛ խորհուրդներով, թե՛ նաև որոշ գործողություններով»,–նշում է Դավիթը։

Այս տարի օգոստոսին Քյոլնում խաղը մասնակցել է Gamescom 2017 խաղային միջազգային ցուցահանդեսին։ Խաղի հրատարակիչը Նիդեռլանդներում գործող Iceberg Interactive ընկերությունն է:

«Gamescom 2017-ում բավականին լավ ընդունվեց ու լավ արձագանքներ ստացա լրագրողների կողմից։ Առաջիկայում պլանավորում եմ Inmates-ի Xbox-ի և PlayStation-ի  համար նախատեսված տարբերակները պատրաստել»։ 

Նշենք, որ Inmates-ը վաճառվում է Steam հարթակում $9.99-ով։ Դավիթի խոսքով` առաջիկայում նոր խաղեր նույնպես սպասվում են։ Գաղափարը` կա, սցենարը` դեռ չի գրել։ Նոր խաղի մշակումը կախված է նաև Inmates-ի առաջխաղացման արդյունքներից։

 

Նունե Գրիգորյան