Hero House. Սուպերհերոսների մշակույթից մինչև միջազգային աքսելերատորներ տանող ճանապարհ

Հերոսների տանը (Hero house) ձևավորվել է յուրահատուկ co-working միջավայր, որը նպաստում է ՏՏ ոլորտի մասնագետներին միավորել ուժերը, զարգացնել իրենց պրոդուկտը, նոր կապեր հաստատել ու գաղափարներ գեներացնել։ Արդեն 18 հայկական սթարթափ ընդգրվել են Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիայի նախա–աքսելերացիոն ծրագրում և սկսել են ինտենսիվ աշխատանքները իրենց պրոդուկտը ճիշտ թիրախավորելու և զարգացնելու ուղղությամբ։ 

Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Համահիմնադիրներն են` Համբարձում Քաղկեցյանը, Աշոտ Արզումանյանը, Վազգեն Հակոբջանյանը` Եվրամիության աջակցությամբ։

Մենք այցելել ենք Հերոսների տուն, ծանոթացել նրանց գործունեությանը, առօրյային, նպատակներին, շփվել ընդունված սթարթափների հետ։ Սուպերհերոսների մշակույթի ներդրումից մինչև գլոբալ աքսելերատորներ տանող ճանապարհի մասին itTrend-ին պատմել են Համբարձում Քաղկեցյանը և Աշոտ Արզումանյանը։

Ինչպե՞ս առաջացավ Սթարթափ ակադեմիայի ստեղծման գաղափարը և որո՞նք էին առաջին քայլերը։ 

Հ.Ք. – Գաղափարն առաջացավ տարեսկզբին։ Smartgate.vc ֆոնդն արդեն գործում էր և այն զարգացնելու ուղղություններ էինք մտածում: Հետո հասկացանք, որ ցանակում ենք ներդրումներ անել որոշակի մակարդակի հասած սթարթափների մեջ, որոնց թիվն այսօր այնքան էլ մեծ չէ։ Ունենալով գիտելիք, որը կարող ենք փոխանցել, որոշեցինք հիմնել ակադեմիա և սթարթափներին նոր մակարդակի բարձրացնել։ Ընթացքում մշակեցինք ֆորմատը, ոլորտի մասնագետների հետ բազմաթիվ քննարկումներ, զրույցներ ենք ունեցել, լսել ենք տարբեր կարծիքներ:

Ա.Ա. –Hero House անունը պատահական ընտրված չէ: Համբարձումը Սիլիկոնյան Հովտում աշխատում էր աշխարհում հայտնի Draper Venture Network վենչուրային ընկերությունում, որի բաղադրիչ մասերից մեկը Draper University of Heroes ուսումնական ծրագիրն էր և մտածեցինք հայկական էկո–համակարգում նույնպես ներդնել սուպերհերոսների մշակույթը, որի գաղափարը բաղկացած է 3  առանցքային բաղադրիչից` ընդունակությունները,  որպես թիմ անկոտրելիությունը և չկանգնելու, առաջ շարժվելու կարողությունը (capable, unstoppable, unbreakable)։

Հ.Ք. – Այժմ ծրագիրը փորձարկման փուլում է,  ուզում ենք հասկանալ ինչպե՞ս այն կաշխատի Հայաստանում: Քանի որ, նման բան չի արվել և մենք առաջնորդվելով միայն Միացյալ Նահանգների փորձով գուցե չհաջողենք, փորձում ենք այն ադապտացնել Հայաստանում: Մեր նախագիծը հաջողված կհամարվի, եթե մեր ակադեմիան ավարտելուց հետո սթարթափը իր թիրախային շուկայում ինչ-որ աքսելերատորներում ընդգրկվի:

Ի՞նչ սխալներ եք տեսնում, որ հայկական սթարթափները հաճախ թույլ են տալիս և ի՞նչ խնդիրներ է Ակադեմիան լուծում:

Հ.Ք. –Մոտ 2 տարի առաջ հայկական էկո-համակարգի հիմնական խնդիրները երկուսն էին: Առաջինը՝ մրցակցային վերլուծության բացակայությունը և երկրորդը՝ վատ փիչինգը (pitching):

Այժմ, իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը` սթարթափը ճիշտ ներկայացնելու մեջ է: Սթարթափը պետք է պատրաստ լինի ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անհատների հետ շփմանը և տիրապետի ՏՏ համայնքին հատուկ մշակույթին: Այդ պատճառով ներառել ենք հատուկ դասընթացներ անձնական զարգացման, սթարթափ էթիկետի վերաբերյալ:

Մեկ այլ խնդիր է հաճախորդների զարգացումը (Customer development), որ շատ լավ ճանաչեն իրենց հաճախորդներին՝ նախքան որևէ ծառայություն սկսելը: Մեր նպատակն է պատրաստել սթարթափներին գլոբալ աքսելերատորներ ընդունվելուն, որը նշածս խնդիրները լուծելու դեպքում է միայն հնարավոր։

Հայաստանում արդեն ձևավորվել է լավ սթարթափ համայնք, բայց կան նոր դեմքեր, որոնք դեռևս այնքան էլ ինտերգրված չեն համայնքին և մեր խնդիրն է նաև համախմբել նրանց:

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում սթարթափներին և դասընթացավարներին։

Հ.Ք. – Մենք նախա-աքսելերացիոն նախագիծ ենք, հետևաբար մեզ մոտ ընդունվելու համար սթարթափը պետք է գոնե պրոդուկտի նախատիպ ունենա։ Գաղափարի փուլում գտնվող միայն մեկ-երկու սթարթափ ունենք, այս դեպքում ուղղակի հիմնադիրները շատ վստահելի անհատներ են, այդ պատճառով էլ այստեղ են:

Ա.Ա. – Ուսանողների շրջանից հավաքեցինք թիմ։ Սիլիկոնյան Հովտի մեթոդաբանությամբ պատրաստել ենք կադրեր, որպեսզի ունենան անհրաժեշտ գիտելիքի բազա և նրանցից 5–ն անցել են աշխատանքի որպես դասընթացավար: Ինչպես նաև, Սան-Ֆրանցիսկոյից, Ավստրալիայից և այլ երկրներից հաջողությունների հասած մեր ընկերները պատրաստակամություն հայտնեցին օգնելու թե՛ իրենց գիտելիքով, թե՛ փորձով ու կապերով, դարձան մենթորներ: Տեղի ՏՏ ոլորտի հաջողակ գործարարները նույնպես մեզ օգնեցին և դարձան թիկունք:

Խոսենք ծրագրի ֆորմատի ու կազմակերպման մասին։

Ա.Ա. –Հայտարարեցինք ընդունելություն, ստացանք 40-ից ավելի հայտադիմում, 30 թիմի հետ անձմաբ հանդիպել ենք ծրագրի շրջանակում, արդյունքում ընդունվեցին 18 սթարթափ։ Դասընթացը կազմակերպվում է 2 ֆորմատով` լիարժեք մասնակցի (full participant) և ազատ ունկնդրի (listener):

Առաջինում ընդգրկվածներն անցնում են ամբողջ ծրագրով, մասնակցում բոլոր դասընթացներին, նաև Սիլիկոնյան հովտի մեթոդաբանությամբ հաճախորդների զարգացմանը հետևելու ծրագրով: Այստեղ ունեն իրենց աշխատանքային սեղանը, co-working միջավայրը։

Ազատ ունկնդիրները կարող են գալ, մասնակցել Կան մասնակցել, շփվել, դասախոսությունների մասնակցել, գործակցել մյուս թիմերի հետ։ Կարևորում ենք ձևավորված ընկերական հարաբերությունները, որն ուժեղացնում է համայնքը։

Անդրադառնանք նախագծի ֆինանսական կողմին, դասընթացներն անվճա՞ր են։

Հ.Ք. – Սթարթափները սովորում են անվճար, ծրագիրն իրակաացվում է Եվրամիության կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Հերոսների տանը առօրյան հագեցած է`ինտենսիվ դասախոսություններ, քննարկումներ, տեխնո–միջոցառումներ, կազմակերպվել է նաև ուսանողների աշխատանքային տոնավաճառ։ Ակադեմիա ընդունված  Breedge սթարթափի հիմնադիր Վահան Մելքոնյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց հատկապես հանգիստ մթնոլորտը և դասընթացի որակը. 

«Ակադեմիան միջին օղակ է հանդիսանում արտասահմանում աքսելերատոր ընդունվելու համար: Իրականում մեր սթարթափի վրա վերջին 2 շաբաթում ամենաինտենսիվ ձևով ենք աշխատում: Աշխատունակությունը բարձր է, միջավայրը տրամադրող ու հարմար է: Հրավիրված պրոֆեսիոնալ դասընթացավարները ոչ ֆորմալ հանգիստ միջավայրում շատ են մոտիվացնում»։

Coach2All սթարթափի հիմնադիր, կիբերանվտանգության մասնագետ Վահագն Թուխարյանը Hero house-ի ամենամեծ առավելությունը համարեց co-working միջավայրում խաչաձև շփումները, մեկը մյուսի գործիքը կամ համակարգը կարող է օգտագործել, ներգրավվել նոր նախագծերում։

Առաջիկայում Հայաստանի սթարթափ ակադեմիան պատրաստվում է մեկնարկել ևս մեկ 12 շաբաթանոց ծրագիր հայկական սթարթափների համար։

Նունե Գրիգորյան