Այս տարի Hour of Code–ը կացկացվի նաև Հայաստանի մարզերում

Այս տարի Hour of Code–ը կացկացվի նաև Հայաստանի մարզերում

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն այս տարի կանցկացվի Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքում։ Microsoft Հայաստանը, Microsoft ինովացիոն կենտրոն Հայաստանի հետ համատեղ, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համագործակցելով, այն առաջին անգամ կանցկացնի Լոռու և Տավուշի մարզի հեռավոր 7 համայնքներում, իսկ դեկտեմբերի 10-ին արդեն 4-րդ տարին շարունակ կանցկացնի «Այբ» ավագ դպրոցում՝ ընդգրկելով Երևանի և շրջակա այլ համայնքների դպրոցականներին։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզերում կնպաստի տնտեսական ակտիվությանը, և անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք մայրաքաղաքից, այդ համայնքներում ապրող երիտասարդները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նմանատիպ միջոցառումներից, ծանոթանալու ծրագրավորման ոլորտի հնարավորություններին և, գուցե, հետագայում դառնալու ծրագրավորողներ և հիմնել ՏՏ ընկերություններ իրենց իսկ համայնքներում»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Ամեն տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի`  աշխարհի 180 երկրից: Այն հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի համար ստանալ տարրական գիտելիքներ ՏՏ ոլորտում, բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները։ Ուսուցիչները և մենթորները իրենց հերթին հնարավորություն են ունենում  կիրառել նոր ինտերակտիվ տեխնոլոգիաներ կրթական գործընթացում և մասնակիցների հետաքրքրվածությունը բարձրացնել ինֆորմատիկա առարկայի նկատմամբ։

«Մեր հիմնական խնդիրը երիտասարդների մոտ ինֆորմատիկայի և ծրագրավորման ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է։ Մենք փորձում են  ընդլայնել նրանց պատկերացումը ՏՏ ոլորտի մասին, խրախուսել աշակերտներին իրենց մասնագիտական ուղին ընտրել այս ոլորտում։ Երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ ուշադրություն գրավելու համար անհրաժեշտ է բարդ հասկացությունները ներկայացնել պարզ եղականով։ «Ծրագրավորման ժամ»  միջոցառման ժամանակ ծրագրավորման տրամաբանությունը ներկայացվում է խաղերի տեսքով»,- ասում է Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Microsoft ընկերությունը, հիմնվելով հայտնի Minecraft խաղի վրա, միջոցառման համար մշակել է հատուկ խաղ՝ «Հերոսի ճանապարհը» (Hero`s Journey) անվանմամբ։ Խաղի հեղինակները ծրագրավորման հիմունքները և սկզբունքները ներկայացնում են խաղի գրավիչ գործակալների միջոցով:

Նախորդ տարի Հայաստանում անցկացված «Ծրագրավորման ժամ» միջոցառումներին մասնակցել է  5-18 տարեկան 300-ից ավելի պատանիներ: Հետաքրքությունն այս միջոցառման նկատմամբ գնալով աճում է, և այս տարի միջոցառումներին կմասնակցեն մոտավորապես 500 դպրոցականներ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից։