Facebook-ը թողարկել է մանկական մեսենջեր

Facebook ընկերությունը մշակել է մեսենջերի հատուկ տարբերակ երեխաների համար։ Նոր ծրագիրը` Messenger Kids-ը, օժտված է ծնողական հսկողության ֆունկցիաներով, որոնք թույլ են տալիս երեխային անվտանգ շփվել իր ընկերների և ընտանիքի անդամների հետ։

Ստեղծել հաշիվ, ջնջել հաղորդագրություններ կամ էլ ավելացնել կոնտակտներ երեխան ինքնուրույն չի կարող, հարկավոր է ծնողի թույլտվությունը։ Օրինակ, եթե երեխան ցանկանում է շփվել իր համադասարցու հետ, ապա նրանց ծնողները Facebook-ում պետք է ընկերներ լինեն, ընդ որում երկուսն էլ պետք է համաձայնություն տան, որպեսզի շփումը հնարավոր դառնա։

Messenger Kids–ի հաշիվը կապված չէ որևէ հեռախոսահամարի հետ, նաև փոքրիկների համար նախատեսված հաշիվները կապված չեն սոցցանցի հիմնական տարբերակի հետ, բայց ծնողները կարող են շփվել իրենց երեխաների հետ սովորական Facebook Messenger-ով։ Փոքրիկների տարբերակում գովազդ չկա, ներդրված գնումների հնարավորություն նույնպես։

https://www.facebook.com/facebook/videos/10156809740161729/

 

Չնայած որոշ սահմանափակումների` Messenger Kids–ով հնարավոր է շփվել տեսազանգով, իրական ժամանակում ընդունել տարբեր ֆիլտրեր, դիմակներ, փակցնել սթիքերներ, շրջանակներ, էմոջիներ և անիմացիոն GIF-եր ինչպես Instagram-ում։

Ինչպես նշվում է Facebook-ի բլոգում, մեսենջերը դեռևս հասանելի է միայն iOS սարքավորումների համար ԱՄՆ–ում։ Այն ներբեռնել կարելի է App Store-ից։ Android-ի և  Kindle–ի համար նախատեսված տարբերակը նախատեսում են թողարկել հաջորդ տարի։