«Ֆիլիպ Մորիսը» R&D կենտրոն կհիմնի ՀԱՊՀ-ի տարածքում և կաջակցի ԵՊՀ–ի կրթական և հետազոտական ծրագրերին

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմքեր ստեղծելով Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելուն։

ՖՄԱ-ն նախատեսում է քննարկել Հայաստանում հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույցի հիմնադրումը՝ ներառյալ Պոլիտեխնիկի տարածքում հետազոտական լաբորատորիաների ստեղծումը:

«Ֆիլիպ Մորրիսը» հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու միջոցով։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նախատեսում է Հայաստանի ուղղությամբ ընդլայնել հետազոտություններ և մշակումների ոլորտում իր գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի գիտական և տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը։

«Մենք չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք», – նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր տնօրենը։

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի և Երևանի Պետական Համալսարանի միջև՝ հիմքեր ստեղծելով ՖՄԱ-ի կողմից ԵՊՀ գիտական և կրթական ծրագրերի իրագործմանն աջակցությանը։

ՖՄԱ-ն նախատեսում է ԵՊՀ-ի հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական և գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը, որոնք կարող են ներառել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ստեղծումը։

«Ֆիլիպ Մորրիսի»՝ Շվեյցարիայում և Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայումս կատարվում են հիմնարար ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։