Ճապոնական դրոնը կվռնդի արտաժամյա աշխատողներին աշխատավայրից

Ճապոնական Taisei ընկերությունը մշակել է T-Frend դրոնը, որը երգերի միջոցով կպայքարի գրասենյակային աշխատակիցների արտաժամյա աշխատանքի դեմ:

Դրոնը որոշակի ժամերի կթռչի նախապես առաջադրված երթուղով և կմոտենա այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակում են մնալ աշխատավայրում: Սարքը նրանց համար կկատարի Auld Lang Syne երգի ճապոնական տարբերակը, որը Ճապոնիայում սովորաբար միացնում են, երբ ցանկանում են հաճախորդներին հիշեցնել տվյալ հիմնարկի փակվելու մասին։

Դրոնը հագեցած կլինի տեսախցիկով և GPS-ից անկախ նավիգացիոն համակարգով: Տեսախցիկի արձանագրածն իրական ժամանակում հասանելի կլինի ընկերության ամպային պահոցում։

TJ-ի հաղորդմամաբ` T-Frend դրոնը հնարավոր կլինի ձեռք բերել ամսական վարձույթով, այն հասանելի կդառնա 2018-ի ապրիլից:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ մահացել է 159 ժամ արտահերթ աշխատած լրագրողուհին: Մահվան պատճառ է դարձել  աշխատավայրում գերհոգնածությունը, ինչը տարածված երևույթ է Ճապոնիայում: Շատերն են արտաժամյա աշխատում, այդ թվում հանգստյան օրերին, և հաճախ, սթրես են տանում, վաղաժամ սրտի կաթված կամ ինսուլտ ստանում։