ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր ընդունել է «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։
Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։ Ինչպես նաև, Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեությունը և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկել է Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։
Վահան Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին և հույս է հայտնել, որ առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու «NOKIA»-ի փորձը։