Թումոցիների ստեղծած հակակոռուպցիոն 3D խաղն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում

Թումոյի սաների պատրաստած «Նետոյի առասպելը» (Tales of Neto) խաղի վերջնական տարբերակն արդեն գործարկվել է և անվճար հասանելի է դարձել App Store-ում ու Google Play-ում։ Այն ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ է, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի առասպելը» նախատեսված է 12-24 տարեկան պատանիների ու երիտասադների համար:

Խաղի ընթացքում խաղացողը ճամփորդում է կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպեսիք են յուրացումը, իշխանության չարաշահումը, կաշառքը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և այլն, խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ, այսպիսով պայքարել աշխարհի զարգացման և բարելավման համար:

«Նետոյի առասպելը» ստեղծել են 15-22 տարեկան Թումոյի աշակերտները կենտրոնի մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ: Նախագծի վրա աշխատել են 10-15 հոգի: Ստեղծման աշխատանքներն ընթացել են մոտ 2 տարի։

Ի դեպ, այս սեպտեմբերին Tales of Neto-ն եվրոպական NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարություն: Գերմանիայի Էսսենում նրանք ավելի քան 100 դիմորդներից ընդգրկվել էին լավագույն հնգյակում և արժանացել 3000 եվրո պարգևատրության: Ինչպես նաև, ներկայացել են Իտալիայում անցկացվող Lucca Comix & Games 2017-ին։

Նշենք, որ նախագիծն իրականացվել է Եվրամիության  և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ:

«Նետոյի առասպելը» անվճար հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Նունե Գրիգորյան