Apple-ը պարզաբանել է, թե ինչու են հին մոդելի iPhone-ները դանդաղ աշխատում

Apple-ը պարզաբանել է, թե ինչու են հին մոդելի iPhone-ները դանդաղ աշխատում

«Դավադրության տեսությունն» այն մասին, որ Apple-ը հատուկ է դանդաղեցնում հին iPhone-ների աշխատանքը իրականությանը մոտ դուրս եկավ։ Ընկերությունը խոստովանել է, որ iOS օպերացիոն համակարգը սահմանափակում է գերհոգնած, սառած, լիցքաթափմանը մոտ iPhone-ների աշխատունակությունը, բայց ոչ թե շահադիտական դրդապատճառներով, այլ օգտատերերի հարմարավետության և սմարթֆոնի երկարակեցության համար։

Հիշեցնենք, որ այս խոսակցությունները սկսեցին շրջանառվել Reddit-ի TeckFire նիկով հանդես եկող օգտատիրոջ առաջ քաշած հիպոթեզից հետո, որտեղ նա իր iPhone 6-ի մարտկոցը փոխելով ավելի հզորի` Geekbench թեստով ապացուցում է, որ սմարթֆոնի աշխատանքն արագացել է, այսպիսով մեծ թվով օգտատերեր Apple-ին սկսեցին մեղադրել հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու մեջ։

Լայն քննարկումները «խնձորային» ընկերությանը ստիպեցին խոսել և պատասխանել TechChrunch-ի հարցմանը։

«Մեր նպատակն է օգտատերերին տրամադրել լավագույն փորձը, որը ներառում է ընդհանուր աշխատունակությունը և սարքավորման ծառայության ժամկետի երկարացումը։ Լիթիում–իոնային մարտկոցները կորցնում են անհրաժեշտ պահին սմարթֆոնին էներգիայով մատակարարելու իրենց կարողությունը` էներգիայի սպառման գագաթնակետին գտնվելու, ցուրտ պայմաններում, լիցքաթափմանը շատ մոտ լինելու պահերին։ Դրա պատճառով սարքը կարող է անսպասելիորեն անջատվել, որպեսզի պաշտպանի իր էլեկտրոնային կոմպոնենտները։

Նախորդ տարի մենք  iPhone 6, iPhone 6s և iPhone SE սմարթֆոնների համար գործարկեցինք նոր ֆունկցիա, որպեսզի հարթենք էներգասպառման ակնթարթային պիկերը, միայն նրա համար, որ կանխենք սարքի պատահական անջատումները վերոնշյալ պայմաններում։ Վերջերս iOS 11.2-ում մենք նույնպես ներդրել ենք այս ֆունկցիան iPhone 7-ի համար և պլանավորում ենք ավելացնել այն նաև ապագայում թողարկվելիք մեր պրոդուկտներում»։

Կարևոր է նշել, որ այդ ֆունկցիայի ներդրմամբ Apple-ի սարքերը հավանաբար կդանդաղեն ծանր ծրագրեր, հավելվածներ ու խաղեր բացելիս, որպեսզի աշխատունակության գագաթնակետին սարքը չհասնի և չվնասի մարտկոցը։ Առօրյա օգտագորման ընթացքում ֆունկցիան դժվար իրեն զգացնել տա։

Թեգեր: Apple, iOS, iPhone