Magic Leap One. AR ակնոց 2 մլրդ. դոլար ներդրում ստացած գաղտնի սթարթափից

Magic Leap One. AR ակնոց 2 մլրդ. դոլար ներդրում ստացած գաղտնի սթարթափից

Magic Leap ընկերությունը, որն արդեն մի քանի տարի աշխատում է լրացված իրականության ոլորտում գաղտնի նախագծի վրա, վերջապես ներկայացրել է իր առաջին պրոդուկտը` Magic Leap One լրացված իրականության (AR) ակնոցը։

2017թ. հոկտեմբերին  Magic Leap–ն ստացել էր 500 միլիոն դոլար ներդրում, մինչ այդ ընկերությունում ներդրել էին 1,3 մլրդ. դոլարի չափով գումար մի շարք ընկերություններ, այդ թվում  Google–ը, Alibaba–ն ու Qualcomm–ը։ Ընդ որում, ավելի քան 3 տարի հայտնի չէր` ինչով է զբաղվում ընկերությունը։ Միայն հայտնի էր, որ խոսքը գնում է AR ակնոցների և «աշխարհը փոխելու» մասին։

Ի վերջո, Magic Leap–ը ցուցադրել է այդ սարքավորումը, ավելի ճիշտ բոլոր այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են լրացված իրականությամբ։ Իր տեսքով Magic Leap One–ը տարբերովում է Hololens–ից կամ  Oculus Rift–ից, այն չափերով փոքր է, սակայն սովորական ակնոցի հետ համեմատ մեծ է։

Ընկերությունը վստահեցնում է, որ ակնոցը կարող է տարբերել իրական աշխարհի մակերևույթները և օբյեկտները` «տեսնել այն, ինչ Դուք եք տեսնում»։ Magic Leap One–ը գտնում է և հիշում է պատերի, հատակի և սենյակի այլ օբյեկտների դիրքերը, դասավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են «կցել» թվային էլեմենտներ տարածության մեջ, օրինակ` կախել վիրտուալ հեռուստացույց պատին։

Ակնոցը կառավարվում է ձայնով, ժեստերով, գլխի դիրքով և նույնիսկ հայացքի ուղղությամբ։ Rolling Stone–ի լրագրող Բրայան Քրեսենթը, որին հրավիրել էին  Magic Leap–ի գրասենյակ և հնարավորություն էին ընձեռել փորձել սարքավորումը, պատմում է, որ դեմո–հավելվածներից մեկով վիրտուալ կինը դուրս է եկել պատին ամրացված վիրտուալ դռնից և անթարթ հայացքով նայել իրեն, արդյունքում լրագրողը փոքր–ինչ շփոթվել է ու փոխել իր հայացքի ուղղությունը։

Մեկ այլ հավելվածում նա տեսել է չորս կողմանի հեռուստացույց` սենյակի կենտրոնում կախված։ Հեռուստացույցի յուրաքանչյուր էկրան ցուցադրել է տարբեր ալիքներ։

Magic Leap-ի կայքում ներկայացված է, թե ինչի համար կարելի է օգտագործել AR ակնոցը` խաղեր, ինտերնետով ճամփորդություն, օնլայն–գնումներ, ինֆորմացիոն էկրանների արտացոլում, վիրտուալ հանդիպումներ այլ մարդկանց հետ, ստեղծագործական աշխատանք և այլն։

Magic Leap One-ը միանում է փոքրիկ կլոր համակարգչին, որը կարելի է ամրացնել գրպանին կամ կախել ուսից։ Magic Leap–ի հիմնադիր Ռոնի Աբովիցի խոսքով` այն իր հզորությամբ կարող է համեմատվել  MacBook Pro–ի հետ։

Magic Leap–ը խոստանում է վաճառքները սկսել 2018–ին։ Որքան կարժենա AR ակնոցը և երբ դուրս կգա շուկա դեռևս հայտնի չէ։