Քննարկվել են Հայաստանում տվյալների գիտության էկոհամակարգի զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանում տվյալների գիտության էկոհամակարգի զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Data Science Ecosystem Development in Armenia» միջոցառումը, որը նախաձեռնել էր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) :

Միջոցառման մեկնարկից հետո ISTC թիմը ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող նոր` կրթություն – ինդուստրիա փոխգործակցության մոդելը, և իրականացվող գիտահետազոտական գրանտային ու մագիստրոսական ծրագրերը։ Խոսվեց ISTC կենտրոնի առաջիկա նախաձեռնությունների ու զարգացումների մասին, այնուհետև ներկայացվեց ԵՊՀ-ի և ISTC-ի համատեղ նոր մագիստրոսական ծրագիրը, որը մեկնարկել է 2017թ․-ի սեպտեմբերին:

ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում այժմ սովորում է 16 ուսանող, ովքեր ստանում են գիտելիքներ՝ ուղղված մեծածավալ տվյալների վերլուծությանը, մեքենայական ուսուցմանը և տվյալների կառավարմանը:

«Սա յուրահատուկ համագործակցություն է, քանի որ դասընթացների մեծ մասն իրականացվում է ISTC կենտրոնում և հիմնված է IBM ակադեմիական նախաձեռնության կրթական ռեսուրսների վրա՝ ներառելով ծրագրավորման հատուկ դասեր (փայթըն ծրագրավորում, մեքենայական ուսուցում, մեծածավալ տվյալների վերլուծություն և այլն): Դասավանդող դասախոսներն անցել են  համապատասխան վերաորակավորման դասընթացներ, և կլինեն մի շարք ոլորտային մասնագետներ, ովքեր կդասավանդեն հատուկ մշակված բովանդակային ծրագրերով»,- ասել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը։

Վերջերս՝ ԵՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մագիստրոսական ծրագրում սովորող լավագույն ուսանողները կստանան կրթաթոշակներ և հետագայում համապատասխանաբար կներգրավվեն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»  գիտահետազոտական կենտրոնի աշխատանքներում։

«Կրթություն-մասնավոր հատված, այս փոխգործակցությունը գերազանց հնարավորություն է ՀՀ բարձրագույն կրթական համակարգը վերափոխելու համար։ Մի կողմից ունենք բուհական համակարգ և ուսանողներ, որոնք պատրաստ են ընդունել արդի շուկայական պահանջներին բավարարող կրթական բովանդակություն, բայց չկան որակյալ ռեսուրսներ, մյուս կողմից ունենք մասնավոր հատված, որը պատրաստ է օժանդակել կրթական համակարգի արդիականացմանը, քանի որ մասնագետների մեծ պահանջարկ ունի։ 

ISTC-ն տվյալ պարագայում հանդիսացավ որպես ֆասիլիտատոր, որն իր վրա վերցրեց բովանդակային և տեխնոլոգիական որակի ապահովումը։ ԵՊՀ-ում ներդրված այս առաջին մագիստրոսական ծրագիրը արդեն իսկ ապացուցեց մոդելի էֆեկտիվությունը, և ներկա պահին մենք մասնավոր գործընկերների հետ համատեղ աշխատում ենք ևս 3 մագիստրոսական ծրագրերի ստեղծման վրա՝ ՀՀ տարբեր բուհերում 2018-2020թթ․ ուսումնական տարիների համար։ Մոդելը հետագայում կարելի է ավելի ընդլայնել և կիրառել բակալավրի ծրագրերում»,– նշել է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։

Հաջորդիվ Հայաստանում տվյալների գիտության էկոհամակարգի զարգացման մասին իրենց խոսքով հանդես եկան՝

  • Հետազոտման և զարգացման ավագ ինժեներ, «Teamable» ընկերության համահիմնադիր, «YerevaNN» ընկերության խորհրդի անդամ Վազգեն Հակոբջանյանը,
  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, տվյալների վերլուծության մասնագետ, «Datamotus» ընկերության համահիմնադիր Հաբեթ Մադոյանը,
  • Մեքենայական ուսուցման և համակարգչային գիտությունների մասնագետ, «HiLearn» ընկերության համահիմնադիր Արսեն Մամիկոնյանը,
  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «PicsArt» ընկերությունում մեքենայական ուսուցման հետազոտող Արսեն Եղիազարյանը։

Ոլորտի առաջատարները քննարկեցին կրթական էկոհամարգի զարգացման բարելավմանն ուղղված մի շարք մեթոդներ, հատկապես նոր բակալավրի և մագիստրոսական ծրագրերի ստեղծումը։ Առաջարկվեցին մի շարք լուծումներ, թե ինչ է պետք ներառել տվյալների գիտությանն ուղղված կրթական ծրագրերում, եթե վերջիններս իրականացվում են տարբեր ֆակուլտետներում, ինչպիսի հմտություններ են հարկավոր ուսանողներին ավարտելիս, որպեսզի վերջինները կարողանան աշխատանքի անցնել և ինչպիսի միջազգային փորձագետների կարիք կա, որպեսզի բարելավման գործընթացը լինի առավել էֆեկտիվ։

Հատկանշական էին նաև գիտահետազոտական էկոհամակարգի վերաբերյալ քննարկումները, մասնավորապես՝ ոլորտի արդիական հետազոտական ուղղությունների, դրանց շեշտադրման և ԱՄՆ համալսարանների հետ համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասով։

Մասնագետների ելույթներից հետո հայտարարվեց ոչ ֆորմալ քննարկում՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիսրտոսական ծրագրի ուսանողների հետ, և ընտրվեցին հետազոտությունների արդիական թեմաներ ավարտական թեզերի համար, որոնք կնպաստեն ոլորտի առաջխաղացամանը և մրցունակության բարելավմանը։