Granatus Ventures-ը ներդրում է կատարել XCloud Networks ընկերությունում

Granatus Ventures հայկական վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել XCloud Networks ընկերությունում, որն առաջակում է ցանցային լուծումներ օգնում է «Տելեկոմ» օպերատորներին ու տվյալների կենտրոններին մոտ 100 անգամ արագացնել, ավտոմատացնել ցանցի հետ կապված նրանց առօրյա բոլոր գործառույթները՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և առաջարկում համեմատաբար արդյունավետ գին։ Ընկերությունը մրցակցում է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար երկու ընկերությունների՝ Cisco Systems-ի և Juniper Networks-ի հետ։

XCloud Networks-ի համահիմնադիր և ղեկավար Ալեքս Սարոյանը 15 տարի բազմաթիվ մեծ ու փոքր ընկերություններում զբաղվել է ցանցային սպասարկումով, նաև աշխատել է արտասահմանյան ընկերությունների հետ որպես խորհրդատու։ Այդ ընթացքում 2 ընկերների հետ որոշել է ստեղծել համակարգ, որն լուծում է ոլորտում առկա միանգամից մի քանի խնդիր։ Նա itTrend.am-ի հետ զրույցում նշեց, որ ներդրումն օգտագործելու են Հայաստանի թիմը մեծացնելու և ԱՄՆ–ում գործուներություն ծավալելու նպատակով.

«Մեծացնելու ենք հայաստանյան թիմը, սկսելու ենք ԱՄՆ–ում գործնեություն ծավալել, թիմ հավաքել և գործնկերներ գտնել: Հիմնական նպատակը` մեր պրոդուկտը ԱՄՆ ում ՏՏ ինֆրաստրուկտուրա ունեցող ընկերություններին վաճառելն է որպես ավելի արդյունավետ այլնտրանք Cisco, Juniper և այլ հայտնի ընկերությունների կողմից առաջարկվող ավանդական լուծումների փոխարեն:

Երկու եվրոպական ընկերություն արդեն օգտագործում են մեր լուծումը, և այդ 2–ից մեկը Cisco, Juniper, F5 առաջատար ընկերություններից գնած իրենց լուծումներն ամբողջությամբ փոխարինել է արդեն մերով»:

Կողմերը ներդրման չափն այս պահին չեն բացահայտում։ Ալեքս Սարոյանի խոսքով`ընթացիկ  ներդրումային շրջափուլի մեջ են այժմ և բացի Granatus Ventures-ից այլ ներդրողներ առաջիկայում նույնպես սպասվում են։ Հունվարից էլ կընդլայնվի և նոր անդամներով կհամալրիվի իրենց հայաստանյան թիմը` կդառնան 14 հոգի։

Granatus Ventures-ից մեզ հայտնեցին, որ այս ներդրումը հիմված է բազմագործոն և համապարփակ վերլուծության և գնահատման վրա, որոնցից երեք ամենակարևորնեն են` մշակած պրոդուկտի կամ տեխնոլոգիայի նորարարությունը, թիրախավորվող շուկայի հեռանկարները, թիմի փորձառությունը, կոմպետենցիաները և հավակնությունները։

«XCloud Networks-ը մշակել է լուծում, որն էականորեն հեշտացնում և արագացնում է ցանցային ենթակառուցվածքների կառավարումը։ Մեծ տվյալների կենտրոններ և ցանցային ենթակառուցվածք ունեցող ընկերությունների համար այս լուծումը կարող է ռեսուրսների նշանակալի խնայողության և գործընթացների արագացման հնարավորություն տալ, ինչի մասին վկայում են ընկերության առաջին հաճախորդները։  Այս լուծումը հապատասխանում է այժմ արագ զարգացող այսպես կոչված Intent-Based Networking-ի միտումներին։ Երիտասարդ թիմը բաղկացած է շատ բարձր որակի մասնագետներից և իր առջև շատ մեծ խնդիրներ է ձևակերպել»,–նշեցին Granatus Ventures–ում։

Առաջիկայում հայկական վենչուրային ֆոնդը նախատեսում է իրականացնել ևս 2-3 ներդրում, նաև մասնակցել որոշ պորտֆելային ընկերությունների ֆինանսավորման հաջորդ փուլերին։