Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է տարին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իրականացրել է մի շարք մասշտաբային և բազմապրոֆիլ միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

Դրանք են՝ ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԴիջիԹեք բիզնես ֆորումը, Բիզնես ինովացիոն ֆորումը, WCIT 2019-ը, Իրական Դպրոցը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնումը, ԴիջիԿոդ, Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտներ, Եռաչափ մոդելավորման մրցույթները, ԴիջիՔեմփ նորարարական ճամբարը, Բանակից ՏՏ ոլորտ ծրագիրը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք կյանքի են կոչվել ՀՀ և միջազգային ընկերությունների հետ համատեղ: Միությունը աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի, նախարարների, պետական և միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

ԻՏՁՄ-ի կողմից անցկացվող տարածաշրջանում ամենախոշոր տեխնո միջոցառումը՝ ԴիջիԹեք ցուցահանդեսը, այս տարի առանձնացավ միջազգային ընկերությունների ծանրակշիռ մասնակցությամբ: Այն մեկ վայրում էր համախմբել 150 մասնակից ընկերությունների ու շուրջ 70 հազար այցելուների: ԴիջիԹեք 2017-ին Հայաստանից բացի ներկայացված են եղել միջազգային պատվիրակություններ ու ընկերություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, Վրաստանից և Ուկրաինայից:

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում հայտարարվել է 2019-ին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Գործարկվել է համաժողովի պաշտոնական կայքը ու ստեղծվել WCIT 2019-ի ոգեշնչող հոլովակը: Միջոցառման նպատակով Հայաստան էին ժամանել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահն ու քարտուղարը։ Բիզնես ֆորումի շրջանակում քննարկվել են նաև ՏՏ լուծումները տուրիզմի, բիզնեսի և ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացման, ԶՈւ համագործակցության ձևաչափերը, պետական համակարգերի կառավարման, արհեստական բանակության, բնապահպանության և վերականգնվող էներգիայի վերաբերող հիմնախնդիրները:

Հայկական ՏՏ պատվիրակությունը՝ ի դեմս ԻՏՁՄ-ի այս տարի նույնպես մասնակցել է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում:

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի անցավ նոր ձևաչափով: Ինտերակտիվ վորքշոփերի միջոցով հայ և միջազգային փորձագետները քննարկել են թվայնացման, գիտահետազոտական մշակույթի, նորարարության, մտավոր սեփականության, ՏՏ ավտանգության և տեխնոլոգիական կրթության հեռանկարները և նոր առաջարկություններ արել՝ ուղղված յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրների լուծումներին: Ինովացիոն ֆորումին ներկա էին փորձագետներ Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից:

Դպրոցականների նորարարական կրթության ապահովման և խրախուսխման նպատակով տեղի է ունեցել նաև ԴիջիՔեմփ ճամբարը: Ճամբարի շրջանակում 14-17 տարեկան 45 պատանիներ տաս օր շարունակ աշխատել են իրենց նորարար գաղափարների վրա, լսել են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսություններն ու խորհրդատվությունները եւ թիմային աշխատանքների միջոցով զարգացրել դրանք:

ԻՏՁՄ-ն իրականացրել է նաև ամառային տեխնոլոգիական ճամբար ավելի քան 300 դպրոցականների համար: Այս տարի ամառային ճամբարին մասնակցել են նաև սփյուռքահայ դպրոցականներ:

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի 360 հայտերից եզրափակիչ փուլում մրցեցին 40 դպրոցականներ: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում: ԴիջիԿոդն այս տարի տեղի ունեցավ Գյումրիում: Ներկայացված են եղել ՀՀ բոլոր մարզերի ու Արցախի դպրոցականները:

Ռոբոտների 10-րդ առաջնությունն ու եռաչափ մոդելավորման մրցույթները, որին մասնակցել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի սաները, անց են կացվել ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակներում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը 2017-ին նույնպես ընդլայնել է սահմանները: ՀՀ բոլոր մարզերում և Արցախում գործում է արդեն 220 «Արմաթ» լաբորատորիա: Դրանք միավորում են շուրջ 5000 դպրոցականների: Ի դեպ, ԻՏՁՄ-ի ամանորյա երեկոյի ընթացքում մի շարք ընկերություններ դրամական նվիրատվություն են կատարել, որի շնորհիվ առաջիկայում «Արմաթ» լաբորատորիա կգործի նաև Արցախի Նորշեն համայնքի դպրոցականների համար:

2017-ին գործարկվել է պաշտոնական կայքը, որտեղ գործում է նաև հատուկ բաժին ծրագրի աջակցման և նվիրատվությունների համար: Գրանթ Թորնթոն ընկերության կողմից իրականացվել է նաև «Արմաթ» կրթական ծրագրի արդյունավետության գնահատման հետազոտություն, ըստ որի «Արմաթի» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Շրջանավարտների 43%-ը աշխատում է կամ ստարտափ է հիմնել:

Արդեն 2-րդ տարին է՝ ինչ հիմնադրվել է Իրական դպրոցը: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դիմորդների թիվը կրկնապատկվել էր: Ընդհանուր թվով Իրական դպրոցում այժմ ուսանում են հանրակրթական ավագ դպրոցի 51 աշակերտներ: Ուսման տևողությունն այստեղ չորս տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։

Բանակից ՏՏ ոլորտ ծրագրում այս տարի ընդգրկվել են 145 զորացրված տղաներ: Ծրագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Այս տարի ծրագրի շրջանավարտներն ստարտափ են հիմնել՝ InnoPark և ներկացրել ԴիջիԹեքում: