2017թ Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը

Անցնող տարին Հայաստանի ՏՏ ոլորտի համար հագեցած էր և իրադարձություններով լի: Տարվա ընթացքում ոլորտը գրանցել է 30 տոկոս աճ, ընկերությունների քանակը հասել է 650–ի, ոլորտում ներգրավված է 15.000 մասնագետ։ Աշխարհում նոր մարտահրավերներին և փոփոխություններին զուգընթաց` Հայաստանում նույնպես նոր գործընթացներ ու նոր տեխնոլոգիաներ սկսեցին զարգանալ ու դառնալ թրենդային։ 

itTrend-ը ամփոփում է տարին և ներկայացնում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը՝ տարեսկզբից մինչև տարեվերջ:

Eurasia Mobile Challenge 2017

Հունվարի 25–ին Երևանում անցկացվեց Eurasia Mobile Challenge  տարածաշրջանային մրցույթի եզրափակիչը։ Հայտնի դարձան առաջին 3 մրցանակյին տեղերը զբաղեցրած թիմերը։ Հայկական EarlyOne-ը 2-րդ տեղը գրավեց և հնարավորություն ստացավ մասնակցել Բարսելոնայում անցկացվող Global Mobile Challenge-ին։

Eurasia Mobile Challenge մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն` օգտագործելով թվային տեխնոլոգիաները։

Yandex-ի Ծրագրավորման դպրոցի բացումը Վանաձորում

Հուվարի 20–ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Yandex Ծրագրավորման դպրոցը: Դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն էր։ Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Yandex-ի և ՁԻՀ համատեղ նախագիծն է:

Այս տարվա օգոստոսից ընկերության ծրագրավորման դպրոցը բացվեց նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Գործարկվեց  ArmCulture AR hավելվածը

ARLOOPA ընկերությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ստեղծել է ArmCulture AR hավելվածը, որի միջոցով հնարավոր է տեսնել արձանների եռաչափ անիմացիոն պատկերները, լուսանկարվել դրանց հետ, լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություններ և ստացված նկարներով կիսվել սոցցանցերում: Հավելվածը թույլ է տալիս լրացված իրականության (Augmented Reality) շնորհիվ «կենդանացնել» Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի հուշարձանները: 

Global Game Jam Armenia 2017

Հունվարի 20-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը, որին մասնակցեց մոտ 30 մասնակից: Նրանք բաժանվել էին 5 թիմերի և 48 ժամվա ընթացքում  ստեղծել նոր խաղեր։ Հեքեթոնը կազմակերպվում է 2009թ․-ից և 2016թ․-ի հունվարին GGJ-ին մասնակցել են 93 երկիր, կազմակերպվել է 630 վայրում։ 2017թ-ին մասնակցելու են 98 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։  Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և EPIC կենտրոնը:

Public sector innovation week 2017

Հունվարի 19-27-ը տեղի ունեցավ «Հանրային կառավարման նորարարության շաբաթը»,  որի ավարտին  ամփոփվեցին պետական ծառայողների շրջանում անցկացված նորարար գաղափարների մրցույթի արդյունքները: Սա առաջին նորարական մրցույթն էր պետական հատվածում, որի ընթացքում  քրաուդսորսինգի միջոցով հավաքագրված նորարարար գաղափարները միտված էին լուծելու պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները:

Շաբաթը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, որն իրականացնում է Կոլբա նորարական լաբորատորիան:

 

CTF EVN. Առաջին անգամ Երևանում անցկացվեց համակարգչային անվտանգության մրցույթ

Փետրվարի 4-5-ը Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Մրցույթի նպատակը՝  բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Առաջին անգամ մասնակցեցին 28 թիմ, ընդհանուր առմամբ 120 մասնակից: Նրանք 24 ժամվա ընթացքում լուծեցին տարբեր բարդության խնդիրներ:

1-ին տեղում HamBalls թիմն է՝ 11400 միավորով, 2-րդ հորիզոնականը ՀՀ Պաշտպանության նախարարության MythBusters թիմն է զբաղեցրել՝ 11200 միավորով և 3-րդը vir00s-ն է՝ 9150 միավոր արդյունքով:

Capture the Flag մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկար: Մասնակիցները մեծ մասամբ ուսանողներ էին:

Capture the Flag մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Microsoft Armenia-ն՝ Monitis Armenia-ի և ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Startup Europe Week 2017

Փետրվարի 9–ին Երևանում անցկացնում է Startup Europe Week Yerevan միջոցառումը: Հայաստանը արդեն 2-րդ տարին է, ինչ միացել է Startup Europe Week-ին, որն այս տարի անցկացվում է փետրվարի 6-10 Եվրոպական ավելի քան 300 քաղաքներում: Startup Europe Week-ի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար:

Startup Europe Week 2017 Yerevan-ի կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ISTC Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ:

DigiCode 2017

3-րդ տարին անընդմեջ կայացավ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը։ Այս տարի մրցույթին դիմել էին  ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 360 դպրոցականներ, որոնցից  տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին ներկայացրեցին իրենց ստեղծած խաղերը:

Դպրոցականները մրցեցին մինչև 13 տարեկան և բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար: Մրցույթի ծրագրավորման լեզուն  Scratch-ն էր:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ:

Digital Day.Mail.Ru

Փետրվարի 16–ին Երևանում կայացավ «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքներին, հնարավորություններին և առավելություններին:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայաստանում թվային գովազդի և դրա հնարավորությունները, թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը, թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետությունը:

Կոնֆերանսը կազմակերպվել է Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ Digisales ընկերության և Smartology Digital Marketing Academy-ի համատեղ ջանքերով:

Invest in Armenia. Գործարկվեց  ներդրումային ծրագրերի նոր հարթակ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարկել է Invest in Armenia ներդրումային ծրագրերի նոր հարթակ: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար:

Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Հարթակում ներկայացված են 3 տասնյակից ավելի ծրագրեր, որոնք ընդգրկում են կապի և տրանսպորտի ոլորտից մինչև զբոսաշրջության ոլորտը: Ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ:

Թումոյում մեկնարկեց  զինծառայողների ուսումնառությունը

Փետրվարին ՀՀ բանակի ժամկետային զինծառայողները այսօր սկսել են իրենց ուսումնառությունը Թումոյում։ Վիգեն Սարգսյանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հունվարին ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանում է 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։

Triple-E սթարթափը ներդրում ստացավ հոլանդական Crosspring ինկուբատորից

Հայկական սթարթափ Triple-E-ն լրացված իրականության (augmented reality) հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած մակերևույթի վրա վիրտուալ օբյեկտներ ավելացնել: Սթարթափի ապագային հավատացել և ներդրում է կատարել հոլադական Crosspring ինկուբատոր ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին: Այն ուղղելու են հարթակի անկախացմանն ու տեխնիկակական զարգացմանը:

Power Builder Bootcamp

Փետրվարի 26-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: Ճամբարը կազմակերվել է Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և USAID-ի հետ համագործակցությամբ:

Թեման վստահության և ուժի կառուցումն էր, որն առցանց վարում էր բիզնեսի և առաջնորդության խորհրդատու, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը:

Երկարացվեցին սթարթափներին տրվող հարկային արտոնությունների ժամկետը

ԱԺ-ն ընդունել է ՏՏ ընկերությունների նոր արտոնությունների մասին օրենքը: Ըստ որի՝ սթարթափները նախկին 3-ի փոխարեն 5 տարով կստանան հարկային արտոնություններ: Մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ ՏՏ ընկերություններն ազատվում են մեծ թվով հարկերից, այս օրենքը գործում էր դեռևս 2015-ից: Այդ ընկերությունները պետք է վճարեն միայն 10 տոկոս եկամտահարկ:

Shadowmatic-ը գործարկվեց Android օգտատերերի համար

Shadowmatic-ը թողարկվել է նաև Android օգտատերերի համար: Խաղն անվճար հասանելի է Google Play-ում: Triada Studio-ի ստեղծած և շատ կարճ ժամանակում աշխարհում մեծ տարածում գտած Shadowmatic-ը մինչ այս հասանելի էր միայն iOS օպերացիոն համակարգի համար:

Ի դեպ, այն այս տարի հայտնվեց Google Play-ի 2017թ. լավագույն խաղերի ցանկում։ Այն դարձավ  տարվա ամենաինովացիոն խաղերից մեկն աշխարհի մի շարք երկրներում։

Ստեղծվեց  AR / VR Club Armenia-ն

Մարտի 9-ին ISTC-ի կենտրոնում մեկնարկեց լրացված իրականության (Augmented Reality) և վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրվող մարդկանց ոչ ֆորմալ հանդիպումների շարքը, ստեղծվեց համագործակցության հարթակ, որի նպատակը Հայաստանը դարձնել AR / VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը։

AR / VR տեխնոլոգիաներով հետարքրվողները տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպումեր ունեցան, ներկայացրին  իրենց նախագծերը, գաղափարները, փորձեցին գտնել նոր գործընկերներ միասին նախագծեր իրականացնելու համար։ Ինչպես նաև ցուցադրեցին AR / VR նորագույն սարքեր:

Startup Grind Yerevan

Այս տարի մեկնարկեց Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի միջոցառումների շարքը: Աեմն հանդիպմանը ՏՏ ոլորտի հաջողակներից մեկը կիսվում է իր հաջողության բանաձևով և մոտիվացնում ներկաներին իր օրինակով նոր նախաձեռնություններ սկսել։

Startup Grind-ը սթարթափների ամենամեծ համայնքն է, որն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: Այն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 98 երկրների ավելի քան 200 քաղաքներից ձեռներեցների:

Startup Boost Weekend

Մարտի 17-19-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում անցկացվեց Startup Boost Weekend, որին մասնակցեցին Սլավոնական և Ամերիկյան համալսարանների ուսանողները: Նրանք կազմեցին թիմեր ու աշխատեցին առանձին գաղափարների իրականացման շուրջ, բիզնես մոդելների ստեղծման վրա, որից հետո ստացան մասնագետների մենթորների խորհուրդներն ու գնահատականները և վերջնական փիչինգից հետո ընտրվեցին հաղթողները։

Այսպիսով առաջին տեղը գրավեց Bridge-ը, որն առաջարկում է կապող հարթակ ուսանողների և արդեն իսկ աշխատողների միջև:

Երևանում տեղակայվեց Cloudflare տվյալների նոր շտեմարանը

Cloudflare ընկերությունը տվյալների կենտրոն տեղակայեց Երևանում։  Այստեղ  տվյալների շտեմարանի տեղակայումը Ասիայում 37-րդն էր, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 103-րդը:

Cloudflare-ը կայքերի պաշտպանության ու քեշավորման համաշխարհային համակարգ է: Cloudflare-ի այս վերջին տեղակայումը համացանցի ավելի քան 6 միլիոն աղբյուրները կդարձնի ավելի արագ հասանելի և ավելի ապահով՝ Հայաստանի ուղղությամբ տրաֆիկի սպասարկման ընթացքում:

Teamable-ը ստացավ 5 մլն. դոլար վենչուրային ներդրում

Teamable-ը ստացել է 5 մլն դոլարի վերչուրային ներդրում True Ventures-ի ղեկավարությամբ, որն օգտագործում է ծառայությունների հետագա զարգացման, AI ալգորիթմների բարելավման համար, նաև Teamable-ը դարձնելու ոչ միայն HR մասնագետների համար, նաև վաճառքի մենեջերների գործիք:

Teamable-ը առցանց հարթակ է, որն օգնում է ընկերություններին կարճ ժամանակում գտնել նոր աշխատակիցներ՝ ձևավորելով թիմ արդեն իսկ գործող աշխատակիցների շրջապատից՝ առաջարկների և ուղղորդումների հիման վրա: Այն օգտագործում է արհեստական ինտելեկտի (AI) ալգորիթմներ, որպեսզի առաջարկի հնարավոր թեկնածուներ՝ հիմնվելով աշխատանքի համար պահանջվող հմտությունների, փորձի և այլ գործոնների վրա:

Teamable-ը համագործակցում է ամերիկյան մի շարք հայտնի ընկերությունների հետ, այդ թվում  Uber-ի, Facebook-ի, Լyft-ի, Hipanalitics-ի, Stripe-ի, Oracle-ի, Intuit-ի և այլն:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը ԱՄՆ-ում արժանացավ բրոնզե մեդալի

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ապրիլի 6-ից 8-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում մասնակցեց «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2017» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթին և արժանացավ բրոնզե մեդալի:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը հաղթանակով է վերադառնում ԱՄՆ-ից: Այս անգամ թիմը վաստակել է բրոնզե մեդալ՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

Այս տարի «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին մարտական ռոբոտով, որը 2 օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած տասնյակ ռոբոտների հետ:

ISTC  Think Day: Employment

Ապրիլի 12-ին անցկացվեց ‹‹ISTC Think Day: Employment›› միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:  ISTC կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված և իրականացվող ուսումնական ծրագրերը, ընդհանուր գործունեությունը և խոսեց արդեն գործող՝ «կրթությունից դեպի աշխատանք» մոդելի մասին: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը:

Smarter Transportation Data hackathon

Առաջին անգամ կայացավ Smarter Transportation Data հաքաթոնը, որի նպատակն էր խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում։

1-ին տեղը գրավեց DNS թիմը, որն արժանացավ 4000 ԱՄՆ դոլար մրցանակի՝ ֆունկցիոնալ նախատիպով ամենանորարարական լուծման համար: Թիմն առաջարկել էր Երևանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման լուծում՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։ 2-րդ տեղում՝ Appress թիմը գրավեց, 3–րդը` Babylon–ը:

Նշենք, որ հաքաթոնի կազմակերպիչներն էին Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ:

NASA Space Apps Challenge 2017

Բյուրականի աստղադիտարանում կայացավ միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում էր արդեն երկրորդ անգամ:

24 ժամվա ընթացքում 14 թիմ մշակեց և ներկայացրեց նորարարական լուծումներ և առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

1-ին տեղում է Locotech թիմը, որը մշակել է հաջորդ սերնդի գյուղատնտեսական համայնքի մոդել, որը թույլ կտա ավտոմատացնել և ավելի արդյունավետ դարձնել ագրարային գործընթացները, այգեգործությունը:

Միջազգային այս մրցույթի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:

IMG և STEP դրամաշնորհային մրցույթներ

Հայտնի են դարձել Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

Այսպիսով IMG մրցույթում ընտրվեց 10 հաղթող, որոնք կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեց 5 հաղթող, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն էր:

Ծրագրերն իրականացվում են ՁԻՀ-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

BarCamp Yerevan 2017

Մայիսի 27-28-ը կայացավ 9-րդ ԲարՔեմփ Երևան երիտասարդական (չ)կոնֆերանսը: Ամփոփել ենք սպասված ու ոգևորիչ տեխնո-իրադարձությունը:

Այս տարի ելույթներով հանդես եկան 6 միջազգային հյուրեր՝ Յան Ուալդեբոյերը (Գերմանիա), Էդուարդ Ուրլիչը (Չեխիա), Իլյա Կլիմովը (Ուկրաինա), Էնդրյու Ռովաթը (Կանադա), Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն (Ռուսաստան):

(Չ)կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեց նաև աշխատանքի տոնավաճառ: Ընկերությունները տոնավաճառին ներկայացրել էին իրենց ազատ հաստիքները: Այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 1500 մասնակից, նախորդ տարի 2200-ից ավելի մասնակցություն էր գրանցվել:

Հայաստանում տեղադրվեց Tesla էլեկտրական մեքենաների լիցքավորման 5 կայան

Դրանք կարելի է գտնել Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Հանրապետության փողոցում՝ «Կովկաս» պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գրասենյակի տարածքում:

Tesla լիցքավորման կայանները տեղադրվել են Բադալյան եղբայրների ընկերությունների խմբի կողմից:

DigiTec Business Forum

«Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագրով 2-օրյա ֆորումի այս տարվա գլխավոր թեմաներից մեկը արհեստական բանականությունն էր:

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք Բիզնես ֆորումի  ընթացքում հայտարարվեց 2019-ին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Գործարկվեց համաժողովի պաշտոնական կայքը:

Հայաստան էին ժամանել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահն ու քարտուղարը։ Հայկական ՏՏ պատվիրակությունը՝ ի դեմս ԻՏՁՄ-ի այս տարի նույնպես մասնակցել է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում:

Investor and mentorship day

Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափերի համար նախատեսված «Investor and mentorship day» միջոցառումը։

Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափերում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափերի հետ, որոնք ներկայացնում էին ինչպես B2B, այնպես էլ B2C լուծումներ։

OnQuark սթարթափը հնարավորություն ստացավ մասնակցելու  Ռիգայում կայանալիք Techchill միջոցառմանը ու ներկայացնել իր պրոդուկտը եվրոպական և բալկանյան երկրների ներդրողներին։

Հաջող քրաուդֆանդինգ արշավներ IndieGoGo-ում

Հաջողվեց IndieGoGo հարթակում հայկական Volterman սմարթ դրամապանակի crowdfunding արշավը: Կարճ ժամանակում Volterman-ը գրանցեց տպավորիչ արդյունք: Ընդամենը մի քանի ժամում այն կարողացավ գերազանցել նախապես սահմանված գումարը՝ 45 հազար դոլարը:

Տարվա ընթացքում հաջող քրաուդֆանդինգ իրականացրեց ևս մեկ հայկական սթարթափ: 1-Ring-ի ներկայացրած առաջին լևիտացիոն տեսախցիկ Moon-ը նույնպես գրավեց աշխարհի մամուլի ուշադրությունը:

Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը: Նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

Բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: 25 տեղական և միջազգային կազմակերպություն ցուցադրեցին իրենց  արտադրանքները, լուծումները և ներկայացրին ծառայութունները:

Հայաստանի թիմը նվաճեց բրոնզե մեդալ FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայում

Վաշինգթոնում անցկացվող ռոբոտաշինության միջազգային օլիմպիադային մասնակցում էին աշխարհի 163 երկրներից թիմեր։ Առաջին հորիզոնականում Եվրոպայի թիմն է, իսկ երկրորդում՝ Լեհաստանինը: Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում:

Հայաստանը ներկայացնող թումեցիների թիմի անդամներն են Լևոն Բալագյոզյանը, Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Թարումյանը, Աշոտ Թարումյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը՝ Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանի ղեկավարությամբ:

DigiCamp 2017

Դպրոցականների նորարարական կրթության ապահովման և խրախուսխման նպատակով տեղի է ունեցել նաև ԴիջիՔեմփ ճամբարը: Ճամբարի շրջանակում 14-17 տարեկան 45 պատանիներ տաս օր շարունակ աշխատել են իրենց նորարար գաղափարների վրա, լսել են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսություններն ու խորհրդատվությունները եւ թիմային աշխատանքների միջոցով զարգացրել դրանք:

ԻՏՁՄ-ն իրականացրել է նաև ամառային տեխնոլոգիական ճամբար ավելի քան 300 դպրոցականների համար: Այս տարի ամառային ճամբարին մասնակցել են նաև սփյուռքահայ դպրոցականներ:

SoloLearn-ը ստացավ FbStart Apps of the Year-ի գլխավոր մրցանակը

FbStart գլոբալ ծրագրի այս տարվա ամենահաջողակ հավելվածների շարքում ընդգրկվեց հայկական  SoloLearn-ը, որը ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է: Այն խաղերի միջոցով սովորեցնում է ծրագրավորում:

Ծրագրավորողները մասնակցում են FbStart գլոբալ ծրագրին ամեն տարի շահելու $100,000 պարգևավճար իրենց սթարթափը առաջխաղացնելու նպատակով: Այն ստացել է մոտ 900 դիմում աշխարհի 87 երկրներից:

Երևանում բացվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները

Հուլիսի 7-ին ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը:

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս:

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար:

 Inapptics-ը ներդրում ստացավ HIVE-ից

Հայկական Inapptics սթարթափը ներդում ստացավ HIVE հիմնադրամից: Սթարթափն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը և արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության և պրոակտիվ հուշումների միջոցով: Ներդրման չափը կողմերը չբացահայտեցին:

HIVE-ը ներդրման հիմնական պատճառների շարքում առանձնացրել էր սթարթափի աստիճանաբար աճող շուկան, մրցակիցների շարքում առանձնահատուկ հնարավորություններ առաջարկելը: Գլխավոր շարժառիթներից մեկն էլ պորտուգալական վենչուրային ֆոնդի առաջարկն է եղել, որի արդյունքում սթարթափը գործունեությունը պետք է շարունակեր Պորտուգալիայում, սակայն HIVE-ի ներդրման շնորհիվ այն կշարունակի գործել և ընդլայնվել Հայաստանում:

Ավելի վաղ, մարտին Inapptics-ն ընդգրկվել էր եվրոպական Startup Wise Guys աքսելերացիոն ծրագում:

Հայ աղջիկների թիմը Technovation Challenge 2017-ում հաղթեց «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Կարբի գյուղից հայ երիտասարդ աղջիկներից կազմված One Step Ahead թիմն ընդգրկվեց Google-ի կողմից անցկացվող Technovation Challenge-ի եզրափակիչ փուլում և հաղթել «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ արժանանալով $10,000 պարգևավճարի: Աղջիկները մշակել են Armenian Sign Language հավելվածը:

Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել էին Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։ Հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը, որը QamCare անվտանգության հավելվածն է մշակել։

 Sevan Startup Summit 2017

Արդեն 2-րդ տարին անցկացվեց Սևանա լճի ափին վրանային բիզնես ֆորումը՝ Sevan Startup Summit-ը: Մրցանակային ֆոնդը այս տարի կազմեց 50 հազար դոլար: Գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացավ ANIX ստարտափը: 5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ Triple-E ստարտափը: Lenz ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ: Augment-AR, Chessify, Trimaran Hotel, MatchUp, Play& Do ստարտափները ստացան 2500-ական  դոլար: Cyber mantis-ը՝ 2000 դոլար: Devstack, Locotech ստարտափները ստացան 1000 դոլար, V-mobile, Augment-AR ստարտափները՝ 500 դոլար:

Սևան էր ժամանել 10 երկրի ավելի քան 1000 մասնակից: Վրանային բիզնես ֆորումն ընդլայնել է իր աշխարահագրությունը և այն կանցկացվի նաև այլ երկրների ծովափերում: Հայտնի դարձավ, որ Seaside Startup Summit-ը կանցկացվի ԱՄԷ-ում՝ Ռաս ալ-Խայմայում, ինչպես նաև նախատեսվում է այն կազմակերպել Գոայում:

ClimateLaunchpad Armenia 2017

ClimateLaunchpad-ի հայաստանյան փուլի հաղթող 3 սթարթափները ներկայացան եվրոպական եզրափակչում Կիպրոսում: Հաղթող բիզնես գաղափարներն էին կենցաղային յուղից ստացվող վառելիք Advanced Biofuel/Biodiesel-ը, բազմակի օգտագործման նոթատետր EcoPad-ը և օդից ջուր ստացող սարք AWCA-ը (Atmospheric Water Generator for Cars): Հայաստանյան մրցույթն իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի համագործակցության շրջանակներում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ընդլայնեց սահմանները

ՀՀ բոլոր մարզերում և Արցախում գործում է արդեն 220 «Արմաթ» լաբորատորիա: Դրանք միավորում են շուրջ 5000 դպրոցականների: Այս տարի գործարկվեց պաշտոնական կայքը, որտեղ գործում է նաև հատուկ բաժին ծրագրի աջակցման և նվիրատվությունների համար: Գրանթ Թորնթոն ընկերությունը հրապարակեց «Արմաթ» կրթական ծրագրի արդյունավետության գնահատման հետազոտությունը, ըստ որի՝ «Արմաթի» շրջանավարտների 84 տոկոսն ընդունվել է բուհ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Շրջանավարտների 43%-ը աշխատում է կամ ստարտափ է հիմնել:

Chessify-ը հաղթեց Seedstars-ի տեղական մրցույթը և կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը: Միջազգային մրցույթում սթարթափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը կազմակերպել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:

ArmTech 2017

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը: Ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:

Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

ARMSec 2017

OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին արդեն չորրորդ անգամ կազմակերպվեց Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ ARMSec կոնֆերանսը:

Միջոցառման ընթացքում անվտանգության մասնագետները ներկայացրին իրենց ելույթները, տեղի ունեցան պանելային քննարկումներ: Խոսնակների ցանկում ընգրկված են ինչպես տեղի բարձրորակ մասնագետներ, այնպես էլ ոլորտում լուրջ ներդրումներ արձանագրած հյուրեր արտերկրից:

DigiTech expo 2017

ԴիջիԹեք ցուցահանդեսը, այս տարի առանձնացավ միջազգային ընկերությունների ծանրակշիռ մասնակցությամբ: Այն մեկ վայրում էր համախմբել 150 մասնակից ընկերությունների ու շուրջ 70 հազար այցելուների: ԴիջիԹեք 2017-ին Հայաստանից բացի ներկայացված են եղել միջազգային պատվիրակություններ ու ընկերություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, Վրաստանից և Ուկրաինայից:

HIVE Tech Summit 2017

Երևանում կանցկացվի Hacking Silicon Valley խորագրով HIVE Tech Summit 2017-ը: Թումոյում արդեն 3-րդ տարին իրենց փորձով ու խորհուրդներով կիսվեցին Սիլիկոնյան հովտի հաջողակ դեմքերը:

Հայաստան էին ժամանել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Yelp-ի փոխնտօրեն Մայքլ Սթոփլմենը, Facebook-ի առցանց առևտրի, օնլայն ծառայությունների տարածաշրջանային ղեկավար Շանթ Օկնայանը, Google Play-ի և Android մեդիա հավելվածների ղեկավար Սերժ Կասսարջյանը, 500 Startups աքսելերացիոն ծրագրի գործընկեր Րինա Օնուրը, CodeFights-ի հիմնադիր Տիգրան Սլոյանը, Teamable-ի գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը, Canaan Partners վենչուրային հիմնադրամի փոխտնօրեն Նաիրի Հուրդաջյանը, հիմնադրամի գործընկեր Հրաչ Սիմոնյանը և այլն:

Hacking for Humanity (H4H) hackathon

Հոկտեմբերի 7-8-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հեքըթոնը, որի գլխավոր նախապայմանը թիմերում առնվազն 50% կանանց և աղջիկների մասնակցությունն էր, ինչի շնորհիվ մոտ 70 մասնակիցներից ավելի քան 50-ը իգական սեռի էին:

Երևանից եւ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Լոռիից, Վայոց Ձորից, Արմավիրից մրցութային վերջին փուլ հասած 12 թիմ հնարավորություն ունեցան երկու օրվա ընթացքում մշակել և զարգացնել գաղափարները մենթորների օգնությամբ: Վերջում ներկայացան պրոֆեսիոնալ ժյուրիին: Գլխավոր մրցանակը՝ 1.000.000 դրամ պարգևը, Hosting For Humanity թիմը ստացավ։ 

Հեքըթոնը կազմակերպել էր Girls in Tech – Armenia-ն՝ ISTC ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի (EIF) և USAID Armenia-ի հետ համագործակցությամբ, հովանավորներն էին BetConstruct, Monitis, Invest in Chengdu, World Vision Armenia, Nairian ընկերությունները:

Menu Group-ը 3 միլիոն դոլար ներդրում ներգրավեց

Menu Group-ն ստացավ 3 միլիոն դոլար ներդրում՝ տարածաշրջանային հետագա զարգացման համար։ Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաեւ SOLventures վենչուրային ֆոնդը, որի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսական Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։

Ներդրումն օգտագործվելու է ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի և սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաև նոր շուկաներ մտնելու համար։

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից և Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք: Այս տարի օգոստոսին ընկերությունը Վրաստանում գնել է իր մրցակից Foodpanda Georgia-ին:

Երևանում կայացավ FAST-ի և NSF-ի կազմակերպված մեքենայական ուսուցման թեմայով աշխատաժողով

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովն անցկացվեց «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Աշխատաժողովին մասնակցեց տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող:

Առաջիկա 5 տարում FAST-ը նախատեսում է 250 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել Հայաստանում։ Հայտարարվեց նաև Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծելու մասին։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են 15 հայազգի ձեռնարկատեր, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայկական սթարթափերին, այլև կօժանդակեն խորհրդատվությամբ: Ներկայացվել է նաև FAST-ի «Հաջորդ սերնդի խորհուրդը» (FAST NextGen Council), որին անդամներն են 15 երիտասարդ հայազգի գիտնականներն ու ինժեներները:

Հայտնի դարձան «Խելացի քաղաք» հաքաթոնի հաղթողները

Հոկտեմբերի 21-22 Երևանի քաղաքապետարանում կայացավ «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը, որին մասնակցեցին ավելի քան 60 ծրագրավորողներ, տվյալների բազաների հետ աշխատող մասնագետներ և վեբ ու բջջային հարթակներ նախագծողներ: Հաղթող ճանաչվեցին Oorban, Datathon և Smart Space թիմերը։

«Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր  Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Հեռահաղորդակցության հեքըթոն

Հոկտեմբերի 20-21-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:

Հաղթող է ճանաչվել Lezoo թիմը, որն արժանացավ 3000 դոլար մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ է տալիս խմբակային զանգ կատարել և խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։

Երկրորդ տեղի մրցանակին արժանացան երկու թիմ՝ iterate և megista, որոնք կստանան 1000-ական դոլար մրցանակ։

EU Code Week 2017

Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր Google-ը:

EU Code Week-ը հանդիսանում է եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում, որին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: Այն անց է կացվում արդեն 5-րդ տարին՝ իր շուրջը համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: Միջոցառման նպատակն է ծրագրավորումը և թվային գրագիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար:

Գյումրիում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա

Գյումրիում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում: Նախագիծը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն  առաջնային է Հայաստանի համար:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ: 8 տեղական ՏՏ ընկերություններ 5,000 -10,000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: 

Climathon Yerevan hackathon

Հոկտեմբերի 27-28-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված առաջին հաքաթոնը՝ «Կլիմաթոն Երևանը» (Climathon Yerevan):  Նպատակն էր մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, նպաստել քաղաքի օդի մաքրմանը:

Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-ի և ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ: Երևանն այս տարի կլիմայական հաքաթոնին միացել է առաջին անգամ:

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատեց 100 միլիոնի սահմանը

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի:  Տոնելով իր վերջին ձեռքբերումը՝ PicsArt-ը շնորհակալություն է հայտնել իր ստեղծարար օգտատերերին։ Նշենք, որ տարվա ընթացքում ընկերությանը միացավ աշխարահռչակ սուպերմոդել նատալյա Վոդյանովան որպես Ստեղծարար տնօրեն։

Ինչպես նաև Google–ը ընկերության մշակած PicsArt Animator հավելվածը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։

PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ընդգրկվել  է տարվա լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Այն աշխատում է iOSAndroid և Windows օպերացիոն համակարգերում, հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում:

Go Native 2017

Նոյեմբերի 11-ին Երևանում անցկացվեց Go Native 2017 տեխնո կոնֆերանսը, որի առանցքային թեմաներն էին մոբայլ, web, front-end և back-end ծրագրավորումը: 

Կոնֆերանսի նպատակն է զարգացնել և նոր մակարդակի հասցնել նմանատիպ ձևաչափով միջոցառումների անցկացումը և օգնել ՏՏ մասնագետներին նոր կապեր հաստատել ու ընդլայնել մասնագիտական ցանցը:

Այս տարի GoNative-ի  բանախոսներն էին երիտասարդ և մոտիվացված, իրենց բնագավառներում առաջատար մասնագետներ: Նրանց թվում էին Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը, Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը, gg-ի տեխնիկական գծով մասնագետ Արմեն Սանասարյանը և այլք:

Բիզնես ինովացիոն ֆորում

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի անցավ նոր ձևաչափով: Ինտերակտիվ վորքշոփերի միջոցով հայ և միջազգային փորձագետները քննարկել են թվայնացման, գիտահետազոտական մշակույթի, նորարարության, մտավոր սեփականության, ՏՏ ավտանգության և տեխնոլոգիական կրթության հեռանկարները և նոր առաջարկություններ արել՝ ուղղված յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրների լուծումներին: Ինովացիոն ֆորումին ներկա էին փորձագետներ Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից:

Granatus Ventures-ի ներդրումները

Granatus Ventures հայկական վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել IntelinAir ընկերությունում, որը կենտրոնացած է թվային գյուղատնտեսության վրա։ Ինչպես նաև  հայկական վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել, 2HZ.ai,  XCloud Networks ընկերությունում: Ներդորւմների չափը կողմերը չեն հրապարակել։

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողով

Գյումրիում մեկնարկել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը։ Նպատակն է Շիրակի մարզի փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր։

3 տարվա գործունեության արդյունքում Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս:

DevFest Armenia 2017

DevFest Armenia ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Գյումրիում։ Google-ի գլխավոր տեխնոլոգիական միջոցառումն իր շուրջը հավաքեց տեխնոլոգիաներում մասնագիտացած անձանց։  Տեխնո–միջոցառման օրակարգը հագեցած էր հետաքրքիր ելույթներով։ Այս տարվա բանախոսներն էին Macadamian Armenia–ի UI/UX մասնագետ Արևիկ Հարությունյանը, Signal-N–ի համահիմնադիր Ադամ Մաթիաս Միթլինգմայերը, Cambridge Semantics–ի ինժեներ Ռուբեն Մեսչյանը, Armenia Today հավելվածի հիմնադիր Մինաս Քեշիշյանը, Xalgorithms Foundation–ի գլխավոր ճարտարապետ Դոն Քելին և այլ ՏՏ մասնագետներ։

Hour of Code 2017

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 4-րդ անգամ։ Միջոցառմանը մասնակցում էր 300-ից ավելի դպրոցական  Հայաստանի տարբեր համայնքներից:

Միջոցառմանը որպես մենթորներ ներգրավված էր 50-ից ավել ծրագրավորող առաջատար հայկական ՏՏ ընկերություններից, որոնք փորձեցին մասնակիցներին իրենց տարիքին համապատասխան խաղերի միջոցով բացատրել ալգորիթմներ, գործառույթներ, սովորեցնել գրել իրական կոդ։

Յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի: Միջոցառումը կազմակերպվել էր «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ։

Վաճառքի հանվեց Armphonik-ը

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող TSD ընկերությունը վաճառքի է հանել նոր պարզ հեռախոս` Armphonik-ը։ Հեռախոսը նախատեսված է երեխաների համար, նաև մեծահասկների, որոնց համար սմարթֆոններից օգտվելը բարդ է։

Գործարկվեց Tales of Neto հակակոռուպցիոն խաղը

Թումոցիների ստեղծած հակակոռուպցիոն 3D խաղն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Այն ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ է, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի առասպելը» նախատեսված է 12-24 տարեկան պատանիների ու երիտասադների համար:

Սեպտեմբերին Tales of Neto-ն եվրոպական NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարություն: Գերմանիայի Էսսենում նրանք ավելի քան 100 դիմորդներից ընդգրկվել էին լավագույն հնգյակում և արժանացել 3000 եվրո պարգևատրության: Ինչպես նաև, ներկայացել են Իտալիայում անցկացվող Lucca Comix & Games 2017-ին։

Նախագիծն իրականացվել է Եվրամիության  և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ:

 

Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան մեկնարկեց իր գործունեությունը Hero House-ում

Հայաստանի առաջին սթարթափ ակադեմիան (Armenia Startup Academy) պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Hero House-ում: Արդեն 18 հայկական սթարթափ ընդգրվել են Հայաստանի առաջին  ակադեմիայի նախա–աքսելերացիոն ծրագրում։

Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Ծրագիրն իրակաացվում է Եվրամիության կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Ներկայացվեց հայկական առաջին «խելացի» օրորոցը

Հայաստանում պատրաստվել է առաջին «խելացի» օրորոցը` Cribby-ն, որը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այն հնարավոր է կառավարել սմարթֆոնով` հավելվածի միջոցով։ Մանկական «խելացի» մահճակալը թույլ է տալիս տեսախցիկի օգնությամբ հսկել երեխային, ներկառուցված սենսորները կզգան մանկան շարժումները, լացը, կֆիքսեն ակտիվությունը և ծնողը ասմարթֆոնով կտեղեկանա ու ծանուցումներ կստանա այդ մասին։

Այն կարող է նաև հեքիաթ պատմել, աուդիոգրքեր կարդալ կամ էլ երգել երեխայի համար։ Հատուկ օրորոցի համար ձայնագրվել են տարբեր երկրների օրորոցայիններ։ Cribby-ն նաև օժտվել է արտաքին լուսավորության, օդի ջերմաստիճանը, խոնավության մակարդակը չափելու հնարավորություններով։ Երեխայի խնամքի համար նախատեսվել է հատուկ սեղան, որը միաժամանակ կշեռք է։

Հայտնի դարձան STEP-2017 վենչուրային մրցույթի 5 հաղթող գաղափարները

Դեկտեմբերի  19-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության STEP-2017 ծրագրի ամփոփիչ Վենչուրային կոնֆերանսը:

2 մլն 800 հազ-ական դրամի չափով մրցանակներ են ստացել հետեւյալ թիմերը՝ CodeTrace, EnergyGlobe, Manufacturing of super-accurate 3D printers, inOne, TheArmenian:

Տեղական և միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովին կներկայացվեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 14 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայաստանան թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, Ճարտարագիտության և Բարձր տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտներում:

Data Science Ecosystem Development in Armenia

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Data Science Ecosystem Development in Armenia» միջոցառումը, որը նախաձեռնել էր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)։ Ոլորտի առաջատարները քննարկեցին կրթական էկոհամարգի զարգացման բարելավմանն ուղղված մի շարք մեթոդներ, հատկապես նոր բակալավրի և մագիստրոսական ծրագրերի ստեղծումը։ Առաջարկվեցին մի շարք լուծումներ, թե ինչ է պետք ներառել տվյալների գիտությանն ուղղված կրթական ծրագրերում, եթե վերջիններս իրականացվում են տարբեր ֆակուլտետներում, ինչպիսի հմտություններ են հարկավոր ուսանողներին ավարտելիս, որպեսզի վերջինները կարողանան աշխատանքի անցնել և ինչպիսի միջազգային փորձագետների կարիք կա, որպեսզի բարելավման գործընթացը լինի առավել էֆեկտիվ։

 

Նունե Գրիգորյան