2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018 թ-ի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

«Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաև մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը», – ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի իմիջն ու ճանաչողությունը», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական:

Այս տարի տրվող մրցանակը թվով 9-րդն է։ Բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից: Մրցանակաբաշխությունը իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների դափնեկիրներն են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են

«Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer»  կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» lաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։

Դոկտոր Ջեյմս Թրուշարդի մասին.

Ֆասթ կազմակերպության կողմից նորարարության գործակալ անվանված Դր Ջեյմս Թրուշարդը 1976 թ. -ին համահիմնադրել է Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունը, առաջնորդելով այն ուղղությունն ու մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիության, բնական պաշարների հասանելիության, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, դեղագործության և առողջապահական համակարգի զարգացման ու թվայնացման, էկոհամակարգի պահպանման, անհատականացված ուսուցման, վիրտուալ իրականության և անվտանգ ու ապահով կիբեռտարածքի ստեղծման և այլ կենսականորեն կարևոր ոլորտներում։

Լինելով Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև Ֆորբսի Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկը, դոկտոր Ջեյմս Թրուշարդը՝ ով Նեյշնլ Ինսթրումենթսում հայտնի է որպես դոկտոր Թի, առաջնորդել է ընկերությունը, այն երեք հոգանոց թիմից դարձնելով վերազգային  կազմակերպություն, որը Լավագույն Աշխատատեղ Ինստիտուտի կողմից ընդգրկվել է «Լավագույն 100 Աշխատատեղ» ցանկում և ճանաչվել «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերից» մեկը:

Թրուշարդի ղեկավարության ներքո, ընկերության երկարաժամկետ տեսլականը, որը հայտնի է որպես 100-ամյա պլան, իր կիզակետում ունենալով աշխարհի բարելավումը և տրամադրելով գործիքներ, որոնք խթանում են արտադրողականությունը, նորարարությունն ու գյուտարարությունը, ապահովեց ընկերության հզոր և կայուն աճը, ինչպես նաև իր հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և բաժնետերերի լայն խավերի հաջողությունը:

Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո, Նեյշնլ Ինսթրումենթսը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: LabVIEW- ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: LabVIEW- ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին:

LabVIEW- ի մշակման համար անհրաժեշտ եղավ երկու տարի գաղափարի քննարկումների համար, ևս երկու տարի՝ վերջինիս իրականացման համար:

Դոկտոր Թրուշարդը ծառայեց որպես ղեկավար, իսկ Ջեֆ Կոդոսկին ստեղծեց տեսլականն իրականացնող նախագիծը:

Գրաֆիկական մոտեցումն ընտրված էր այն պատճառով, որ գիտնականներն ու ճարտարագետները հաճախ փորձեր կատարելիս սկսում են բլոկ-սխեմաներից: Լեզվում ներկառուցված օգտատիրոջ ինթերֆեյսը նմանակում է ավանդական գործիքի դիմային վահանակը։  Ծրագրավորման վրա հիմնված գործիքակազմը հայտնի էր դառնալու որպես վիրտուալ գործիքակազմ՝ «Ծրագրային ապահովումը՝ գործիքն է» նշանաբանով: Վիրտուալ գործիքակազմն իր հերթին պահանջում էր նշանակալի նորարարություն այն հարցում, թե ինչպես են սարքերը կառավարվում ծրագրերի միջոցով:  Տեսլականով ուղղորդվող ղեկավարումն առանցքային դեր է խաղացել Նեյշնլ Ինսթրումենթսի մեծապես տարբերակված դիրքի հասնելու գործում:

Ընտրվելով Շվեդական թագավորական ճարտարագիտական ​​գիտությունների ակադեմիա և Ճարտարագիտության ազգային ակադեմիա, Թրուշարդը նաև ներգրավվեց Էլեկտրոնային Նախագծման ճարտարագիտական Հեղինակության ​​Պալատ և պատիվ ունեցավ ընտրվելու IEEE-ի Պատվավոր անդամ:

Ի լրումն, Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը Օսթինի կանցլերի խորհրդի կազմում, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և FIRST Ռոբոտիքսը:

Թրուշարդն ունի էլեկտրատեխնիկական ճարտարագիտության դոկտորի կոչում, ինչպես նաև ֆիզիկայի գծով Օսթինի Տեխասի համալսարանից մագիստրոսի և բակալավրի աստիճան: Թրուշարդն իր մագիստրոսի և դոկտորի աստիճանները ստացել է ուսմանը զուգընթաց լրիվ դրույքով աշխատելով UT կիրառական հետազոտությունների լաբորատորիաներում որպես ակուստիկական չափումների բաժանմունքի կառավարչական տնօրեն: