iPod-ի ստեղծողը մասնակցել է նոր տիպի «խելացի» ժամացույցի մշակմանը

Ressence ընկերությունը ներկայացրել է մեխանիկական ժամացույցի նոր կոնցեպտ, որը միանում է սմարթֆոնին անլար եղանակով։  Type 2 e-Crown–ը դասական մեխանիկական ժամացույցի և «խելացի» ֆունկցիաների համադրություն է, որը կարող է լիցքավորվել ինչպես կինետիկ ուժի միջոցով (դաստակի շարժումից), այնպես էլ արևային էներգիայից (ժամի մեխանիզմում տեղադրված պանելներով)։

Նոր տեսակի ժամացույցը լարել հարկավոր է մեկ անգամ, սմարթֆոնի հետ կապելուց հետո մեկ հպումով այն կպահպանի նախնական կարգավորումները հատուկ հավելվածի միջոցով։

Նախագծի վրա աշխատել է նաև iPod-ի ստեղծող, Google-ին պատկանող «խելացի» սարքեր մշակող Nest ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը։

Type 2–ը թույլ է տալիս միանալ երկու ժամային գոտիներին, ինչպես նաև ձմեռային և ամառային ժամանակացույցին։ Եթե օգտատերը տևական ժամանակ չի կրում ժամացույցը և լիցքավորումը 50%-ից ընկնում է, ապա ավտոմատ կերպով մակերեսին բացվում են տասը փոքրիկ թիթեղներ, որոնք կլանում են արևային էներգիան ու լիցքավորում ժամացույցը։

Ressence–ի ցուցադրած մոդելը վերջնական պրոդուկտի նախատիպն է և դեռ մշակման փուլում է։ Այն դեռևս վաճառքի դուրս չի գա, պաշտոնապես կներկայացվի ապրիլի 15–19–ը Ժնևում անցկացվելիք SIHH 2018 ցուցահանդեսին։