Նոր վիրուսը թաքնվում է Android հավելվածներում և «կարդում» WhatsApp-ի հաղորդագրությունները

Կասպերսկու լաբորատորիան նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերել, որի շնորհիվ հաքերները կարող են գաղտնի հետևել Android սմարթֆոնների օգտատերերին և գողանալ նրանց տվյալները։

Վիրուսը ստացել է Skygofree անվանումը և սովորաբար այն թաքնվում է կասկածելի ծագումով կայքերից ներբեռնած հավելվածներում։ Վնասակար հավելվածը խոստանում է բարելավել մոբայլ ինտերնետի արագությունը, որն սակայն կարող է լուրջ վնասներ պատճառել.

  • Հետևել օգտատերերի գտնվելու վայրը և ձայնագրություններ անել 3–րդ անձանց պահանջով,
  • Wi-Fi ցանցին միանալիս` հավաքել և վերլուծել տվյալները` բրաուզերի պատմությունը, մուտքագրված գաղտնաբառերը և այլն,
  • Accessibility Services–ի միջոցով «կարդալ» WhatsApp-ի հաղորդագրությունները,
  • Ամեն անգամ սմարթֆոնը արգելաբացելիս` նկարել դիմային տեսախցիկով,
  • Գողանալ SMS-հաղորդագրությունները, նշումները, օրացույցի տվյալները և այլն։

Բարեբախտաբար այս վիրուսը չի վնասի մեծ քանակությամբ սարքերի, քանի որ այն Android-ի նոր տարբերակները կխոչընդոտեն Skygofree-ին կառավարել սմարթֆոնը։ Բայցևայնպես ուշադիր եղե՛ք և խուսափե՛ք բեռնել հավելվածներ ու ծրագրեր անծանոթ կայքերից անծանոթ հղումներով (բեռնե՛ք Google Play-ից), զգուշացե՛ք հատկապես ինտերնետն արագացնել խոստացող ծրագրերից։