Apple և Colgate ընկերությունները «խելացի» ատամի խոզանակ են ստեղծել

Colgate և Apple ընկերությունները ստեղծել են E1 «խելացի» ատամի խոզանակը, որը կապվում է սմարթֆոնին և աշխատում է հատուկ հավելվածով։

Խոզանակը պետք է սինքրոնացնել iOS համակարգում գործող Colgate Connect հավելվածի հետ։ Սարքը կազմում է բերանի խոռոչի քարտեզը և հետևում է, որ օգտատերը ճիշտ մաքրի ատամները։ Ստացված տվյալների հիման վրա` հավելվածը խորհուրդներ է տալիս բերանի խոռոչի ճիշտ խնամքի վերաբերյալ։

Երեխաների համար Colgate-ը մշակել է նաև Go Pirate խաղը, որի միջոցով երեխաները կարող են միավորներ հավաքել ատամներ լվանալու համար։ Որքան շատ լվանա ատամներն, այնքան շատ միավորներ ձեռք կբերի։

Colgate–ը հավաստիացնում է, որ «խելացի» խոզանակը կարող է մեկ լիցքավորմամբ աշխատել 10 օր։ Խոզանակի արժեքը 99,95 դոլար է։

Նշենք, որ Colgate-ն առաջին ընկերությունը չէ, որ մշակել է «խելացի» ատամի խոզանակ։ 2017–ին Kolibree  ընկերությունը թողարկել է նմանատիպ խոզանակ, որի արժեքը 129 դոլար է, բայց այն աշխատում է ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերով։ Colgate–ն իր E1 խոզանակում օգտագործել է Kolibree–ի տեխնոլոգիան։