iPhone-ի օգտատերերն իրենք կորոշեն դանդաղեցնել սմարթֆոնի աշխատանքը, թե ոչ

iOS-ի թարմացված տարբերակում կհայտնվի նոր գործառույթ, որը թույլ կտա անջատել iPhone-ի դանդաղ աշխատանքը։ Այս մասին պատմել է Apple–ի ղեկավար Թիմ Քուքը ABC News-ին տված հարցազրույցում։

Օգտատերերը կարող են իրենք որոշել օգտվել ֆունկցիայից, թե ոչ։ Թիմ Քուքի խսքով`պրոցեսորի դանդաղ աշխատանքը շուտով հնարավոր կլինի անջատել կարգավորումներից։ Սակայն օգտատերը պետք է զգուշանա, քանի որ այդ ֆունկցիան միացնելու դեպքում iPhone-ը ժամանակ առ ժամանակ կարող է ինքնուրույն անջատվել։ Սա կարող է պատահել հատկապես մեծ ծանրաբեռնվածության ժամանակ։

Թիմ Քուքը  ընկերության անունից ևս մեկ անգամ ներողություն է հայտնել անհարամարություններ պատճառելու համար։ Նա ընդգծել է, որ Apple-ը դանդաղեցրել է հին մոդելի սարքերի աշխատանքը միայն բարի մտադրությամբ։

Հիշեցնենք, որ այս խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախորդ տարվա դեկտեմբերից Reddit-ի TeckFire նիկով հանդես եկող օգտատիրոջ առաջ քաշած հիպոթեզից հետո, որտեղ նա իր iPhone 6-ի մարտկոցը փոխելով ավելի հզորի հետ` Geekbench թեստով ապացուցում է, որ սմարթֆոնի աշխատանքն արագացել է, այսպիսով մեծ թվով օգտատերեր Apple-ին սկսեցին մեղադրել հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու մեջ։

«Խնձորային» ընկերությունը պարզաբանեց, որ  հին մոդելի iPhone-ները դանդաղ են աշխատում, քանի որ iOS օպերացիոն համակարգը սահմանափակում է գերհոգնած, սառած, լիցքաթափմանը մոտ iPhone-ների աշխատունակությունը, բայց ոչ թե շահադիտական դրդապատճառներով, այլ օգտատերերի հարմարավետության և սմարթֆոնի երկարակեցության համար։

Սակայն խնդիրը պարազաբանումով չսահմանափակվեց, աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ օգտատերեր դատական հայցեր ներկայացրին Apple-ի դեմ` մեղադրելով դիտավորյալ անհարամաություններ ստեղծելու մեջ։