Amazon-ը բացում է իր առաջին «խելացի» սուպերմարկետը` առանց դրամարկղի ու վաճառողների

Amazon ընկերությունը Սիեթլում (ԱՄՆ) հունվարի 22–ին բացում է իր առաջին «խելացի» վաճառակետի դռները, որտեղ գնումներ կատարելու համար հաճախրդներն ստիպված չեն լինի սպասել: Խանութ կարող են մտնել սմարթֆոնի օգնությամբ նույնականացվելու միջոցով: Պետք է միացնել Amazon go հավելվածը և անցնել գնումներին:

Նոր սերնդի վաճառակետերի  Amazon ընկերության ծրագիրը, գալիս է փոխելու շոփինգի մասին ավանդական պատկերացումները: Այլևս ժամանակ չեք ծախսի դրամարկղի մոտ գոյացած հերթերում, պատկերացրեք սուպերմարկետում վերցնում եք այն ինչ անհրաժեշտ է և պարզապես դուրս եք գալիս առանց դրամարկղի մոտ ձեր հերթին սպասելու ու կանխիկ վճարելու:

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, խելացի վաճառակետը ինքնուրույն կհաշվի թե ինչ եք վերցրել, որքան գումար պետք է վճարել և վերջում ձեզ կներկայացնի գնումների ցանկը Amazon go անվճար հավելվածի միջոցով: Եթե անգամ մտափոխվեք և ետ դնեք վերցրածը, ապա կարող եք հանգիստ լինել, այն ավտոմատ դուրս կգա գնումների ցանկից:

Այս գաղափարը Amazon ընկերությունը սկսել է իրականացնել դեռևս 5 տարի առաջ: Սա իրագործելու համար կիրառվել են ինքնակառավարվող ավտոմեքենաներում գործածվող նույնատիպ տեխնոլոգիաներ՝ սենսորային համակարգեր, նոր մակարդակի ճանաչողական տեխնոլոգիաներ, նաև արհեստական ինտելեկտ:

2016–ից նախագիծը փորձնական շրջանում էր, որից օգտվում էին միայն Amazon ընկերության աշխատակիցները:  Այժմ այն հասանելի կլինի բոլոր հաճախորդների համար։