Apple-ը հայտնել է` ինչ նոր ֆունկցիաներ կավելանան iOS 11.3-ում

Apple–ը ներկայացրել է  iOS 11.3–ի beta-տարբերակը և հայտնել, թե ինչ նոր ֆունկցիաներ ու հնարավորություններ կավելանան թարմացված օպերացիոն համակարգում։ Ընտրել ենք դրանցից ուշադրության արժանիները։

Ամենամեծ աղմուկ հանածը` iPhone-ի աշխատանքը դանդաղեցնող ֆունկցիան անջատելու հնարավորությունն է, որի մասին օրեր առաջ հայտնել էր ընկերության ղեկավար Թիմ Քուքը։ Օգտատերերն իրենք կորոշեն դանդաղեցնել iPhone-ի աշխատանքը, թե ոչ։ Երբ iOS-սարքի մարտկոցը հնանում է, ապա այն ավտոմոտ կերպով սկսում է դանդաղել ու խնայել մարտկոցի ներուժը։

Թիմ Քուքի խսքով` պրոցեսորի դանդաղ աշխատանքը շուտով հնարավոր կլինի անջատել կարգավորումներից։ Սակայն օգտատերը պետք է զգուշանա, քանի որ այդ ֆունկցիան միացնելու դեպքում iPhone-ը ժամանակ առ ժամանակ կարող է ինքնուրույն անջատվել։ Սա կարող է պատահել հատկապես մեծ ծանրաբեռնվածության ժամանակ։

Մեծ սկանդալի արդյունքում` ընկերությունն որոշեց iOS-ի թարմացված տարբերակում ներառել նաև այս գործառույթը, որի գործածումն սակայն խորհուրդ չի տալիս։

iOS 11.3–ում հնարավոր կլինի պահպանել iMessage–ի հաղորդագրությունները iCloud ամպում, ֆունկցիան գործարկելու համար պարտադիր անհրաժեշտ կլինի երկփուլային նույնականացում անել։

Հաջորդ հետաքրքիր նորույթը` Business Chat հավելվածով  բիզնես ընկերությունների հետ միանգամից կապ հաստատելն է, ինչպես նաև գնումներ կատարել ու վճարել Apple Pay համակարգով։ Այս հարթակը թույլ է տալիս կապվել հաճախորդների սպասարկման մասնագետների հետ և քննարկել հուզող գործնական հարցերը։

AirPlay 2–ը հնարավորություն կտա միաժամանակ միանալ մեկ սարքի մի քանիսից, օրինակ` HomePod–ին։ Ավելացել են 16 նոր Animoji-ներ, Apple Music–ում առանց գովազդի երաժշտական տեսահոլովակներ, ինչպես նաև ընդլայնվել են լրացված իրականության (AR) մշակման գործիքները։

iOS 11.3–ի beta-տարբերակը ներբեռնել և օգտագործել հնարավոր է այստեղից, եթե ունեք ծրագրավորղների համար նախատեսված հաշիվ։ Թարմացված օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կթողարկվի այս գարնանը։