Zangi-ն Mobile World Congress-ում կներկայանա սեփական տաղավարով

Zangi-ն Mobile World Congress-ում կներկայանա սեփական տաղավարով

Zangi ընկերությունը 2–րդ տարին անընդմեջ առանձին տաղավարով կներկայանա ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին՝ Mobile World Congress-ին։

Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ի միակն է, որ մասնակցելու է որպես ցուցադրող MWC 2018-ին։ Zangi-ն ցուցահանդեսին կներկայանա իր նոր հեղափոխական հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով, որոնք իրենց ցուցանիշով գերազանցում են հեռահաղորդակցման բնագավառի ամենախոշոր ընկերությունների արտադրանքներին։

Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցելու է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետեւյալ խոշոր եւ հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio և այլն։

«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարևորագույն իրադարձությունն է և այն կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել:

Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք և դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

Նշենք, որ Zangi-ն հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների եւ ծրագրային ապահովման մատակարար է։ Ընկերությունը համանուն հավելվածով մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին համագործակցում է աշխարհի 12 երկրների 20+ ընկերությունների հետ։ Zangi-ն արդեն ունի 1,5 միլիոն ակտիվ բաժանորդ: Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերում: