iPhone X-ը վաճառքների ռեկորդ է սահմանել

Apple-ի աղմկահարույց iPhone X-ը վաճառքների ռեկորդ է սահմանել։ Canalys–ի վերլուծաբանները հաշվել են, որ 2017–ի 4–րդ եռամսյակում այն դարձել է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը։ Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում «խնձորային» ընկերությունը վաճառել է ավելի քան 29 մլն. iPhone X ամբողջ աշխարհում, ընդ որում` 7 միլիոնը միայն Չինաստանում։

Ի դեպ, iPhone X-ը ընկերության պատմության ամենաթանկ iPhone-ն է։ Գները սկսում են $999–ից։ Apple-ի վաճառքները սակայն մասնագետների կանխատեսածից քիչ է եղել, այդուհանդերձ ընկերությունն այլ մոդելների վաճառքից նույնպես բավականին եկամուտ է ունեցել, մասնավորապես` iPhone SE, 6s, 7 և 8 մոդելներից։ Ընկերությունում սակայն այնքան էլ գոհ չեն արդյունքներից։ KGI Securities–ի փորձագետ Մին Չի Կուոյի տվյալներով` այս տարի Apple-ը պլանավորել է միանգամից 3 iPhone թողարկել, որոնցից մեկը համեմատաբար ավելի էժան կլինի` $700–800, այս մոդելը կստանա 6,1–դյույմ OLED էկրան, ալյումինե կորպուս, 3 Գբ օպերատիվ հիշողություն, կհամալրվի նաև դեմքերի նույնականացման Face ID համակարգով, հաղորդում է MacRumors–ը։

Ավելի վաղ  Մին Չի Կուոն հայտնել էր, որ iPhone–ներից մեկը երկու SIM-քարտի հնարավությամբ կօժտվի, հավանական է հենց այդ մոդելը։ Նրա խոսքով` Apple-ի մյուս երկու մոդելները կլինեն 5,8 դյույմ էկրանով  iPhone X և 6,5–դյույմով iPhone X Plus։ Վաճառքների մեծ մասը (ավելի քան 50%-ը) «էժան» սմարթֆոնինը կլինի, բացի այդ վերլուծաբանի կարծիքով` «խնձորային» ընկերության արտադրանքների հանդեպ հետաքրքրությունը ու պահանջարկը չի մարի նաև 2019–ին։

Սակայն որոշ փորձագետներ հակառակն են կանխատեսում. CNBC–ի փոխանցմամբ` J.P. Morgan–ի վերլուծաբան Բիլ Փեթերսոնի կանխատեսումներով` 2018–ի առաջին և երկրորդ եռամսյակներում Apple–ը կվաճառի սովորականից ավելի քիչ iPhone։