Հայտնի են պետական ծառայողների շրջանում նորարար գաղափարների մրցույթի հաղթողները

Հայտնի են պետական ծառայողների շրջանում նորարար գաղափարների մրցույթի հաղթողները

Հունվարի 30-ին կայացավ «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքի մեկնարկը:

Կոլբա լաբը՝ ՀՀ Կառավարության, արդարադատության ու Կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ հայտարարել էր նորարար գաղափարների մրցույթ պետական ծառայողների շրջանում, որի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար:

Ընդհանուր առմամբ ավելի քան 60 գաղափար էր ներկայացվել: Ընտրության արդյունքում հետևյալ 6 գաղափարները հնարավորություն են ստացեն անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը և աջակցություն ստանալ Եվրոպական միության կողմից ծրագրերի իրականացման համար՝

  • Երեխայի գրանցման և նպաստին դիմելու ընթացակարգերի օպտիմիզացում – Նանե Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
  • Կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու – Դիանա Ղազարյան, Աննա Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
  •  Մասնագիտական կողմնորոշման հարթակ – Հայկուհի Գևորգյան (ՀՀ կրթության նախարարություն)
  •  «Աշակերտների ձայնը» – Կարինե Հարությունյան (Կրթության ազգային ինստիտուտ)
  •  Առցանց խորհրդատվական հարթակ դպրոցների ընդունելության վերաբերյալ – Արտակ Պողոսյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն)
  • «Chatbot»Գգործիքի մշակում և կիրառում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում – Լուսինե Թովմասյան  (ՀՀ Կառավարություն)։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի  հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար  Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

«Եվրոպական միության ֆինանասավորմամբ Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի արդյունքում ունենք նորարարական գաղափարների տպավորիչ ցանկ, հստակ գործողություններ և քաղաքացիների ներգրավվածության ընդլայնում:

Ծրագրի շնորհիվ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ավելի նոր մոտեցումներ խնդիրները լուծելու հարցերում։ Արդիականացման ճանապարհին ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և երկրի քաղաքացիների կողքին»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի  հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար  Վասիլիս Մարագոսը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր խոսքում կարևորել է նորարա թվային տեխնոլոգիաները քաղաքացիների շահերին ծառայեցնելու հանգամանքը։

Միջոցառման 2–րդ մասում տեղի ունեցավ պանելային քննարկում «Ստարտափերը պետական համակարգում» թեմայով,  որի հրավիրված խոսնակներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Քննարկմանը ընթացքում բանախոսները քննարկում էին, թե ինչպիսին պետք է լինեն ապագայի հանրային ծառայությունները, և ինչպես է կարելի այսօրվանից սկսել պատրաստվել նոր ձևաչափի ծառայությունների մշակմանն ու կիրառմանը: Որոնք են Հայաստանի պարտավորությունները «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում, և ինչպիսի մարտահրավերներ ու հնարավորություններ կան քաղաքացիական հասարակության, մասնավոր և պետական հատվածի համագործակցությունն առավել արդյունավետ  կազմակերպելու հարցում: