Հայկական 2Hz սթարթափը հեռախոսազրույցի ընթացքում վերացնում է շրջապատի աղմուկը՝ AI-ի միջոցով

Հայկական 2Hz սթարթափը հեռախոսազրույցի ընթացքում վերացնում է շրջապատի աղմուկը՝  AI-ի միջոցով

Պատկերացրեք, երբ կարևոր գործնական զանգի ընթացքում մեկ կոճակով չեզոքացնում եք շրջապատի ձայները, օրինակ՝ երբ գտնվում եք բարում կամ էլ աղմկոտ փողոցում և չեք ցանկանում հեռախոսով խոսակցության ընթացքում զրուցակիցը լսի երաժշտության կամ այլ ուղեկցող ձայները: Հայկական 2Hz սթարթափը նոր մոտեցմամբ լուծում է հեռահաղորդակցության ժամանակ աղմուկի վերացման խնդիրը՝ օգտագործելով նեյրոնային ցանցերը:

Գաղափարի հեղինակը՝ Դավիթ Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է Սիլիկոնյան հովտի տարբեր խոշոր ընկերություններում հեռահաղորդակցության բնագավառում և զանգերի որակը բարձրացնելու նպատակով հիմնել է 2Hz սթարթափը:

Տեխնոլոգիական գծով տնօրեն, համահիմնադիր Արտավազդ Մինասյանը itTrend.am-ին պատմել է սթարթափի գաղափարի, անցած ճանապարհի ու առաջիկա պլանների մասին.

«Միտքն այն էր, որ ստեղծենք այնպիսի տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա հեռախոսային խոսակցությունների ընթացքում հետևի աղմուկը լրիվ հանել, զանգերի որակը բարձրացնել, բարելավել: Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի մեքենայական ուսուցման համար, նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը:

 Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»:

2017-ի սեպտեմբերին մշակած պրոդուկտի նախնական տարբերակը ցույց են տվել մի շարք ամերիկյան ընկերությունների: Արտավազդի խոսքով՝  և՛ միտքը, և՛ կատարումը հավանության է արժանացել այդ ընկերութուններում՝ իրենց լուծումն ինտեգրելու հեռանկարով: Սթարթափն արդեն հասցրել է ներդրումներ ներգրավել հայկական վենչուրային ֆոնդերից:

«Կարճ ժամանակում կարողացանք նախնական ներդրումային ռաունդ կազմակերպել, հայկական ու ոչ հայկական մի քանի ֆոնդեր ներդրում կատարեցին, մասնավորապես՝ Granatus Ventures-ը, Hive-ը, SmartGateVc-ն և այլն: 

Դեկտեմբերին ընդունվեցինք Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի 6 ամիս տևողությամբ SkyDeck աքսելերացիոն ծրագիր, որը գիտական ուղղվածություն ունեցող սթարթափների համար է նախատեսված: Ծրագրով սկզբնական ֆինանսավորում ստացանք և Բերքլիի կրթական ու գիտական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն»,-նշում է նա:

Ինչպես նաև ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի հետ համագործակցության պայամանգիր են կնքել, որով մասնակցում են մի շարք գիտական խնդիրների հետազոտությունների: Առաջիկա պլանների մասին խոսելիս՝ Արտավազդը նշեց, որ ստեղծելու են նոր ալգորիթմ.

«Քանի որ աղմուկի և մարդկային ձայնի ուղղությամբ մասնագիտացել ենք, որոշել ենք ստեղծել աղմուկի նկատմամաբ կայուն ձայնի ճանաչման ալգորիթմ: Պատկերացրեք, Alexa ձայնային օգնականը մեծամասամբ նախատեսված է տնային պայմանների համար, մենք փորձում ենք ստեղծել ալգորիթմ, որ մարդու ձայնը, խոսքը կվերածի տեքստի նույնիսկ ամենաղմկոտ միջավայրում»:

Այժմ 2Hz-ի թիմում ընդգրկված է 10 հոգի, նրանց մեծ մասը մաթեմատիկական գիտությունների թեկնածուներ են՝ ծրագրավորման մեծ փորձով: Նրանք ունեն փոխլրացնող կոմպետենցիաներ և՛ տեխնիկական, և՛ բիզնեսի կառավարման բնագավառներում։ Պրոդուկտի վերջնական տարբերակը հաճախորդների մոտ դեռ ներդրված չէ, սա նախատեսվում է փետրվարին:

Նունե Գրիգորյան