Հայաստանում հրեշտակ ներդրողների ցանց է գործարկվել

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում  ներդրողների ոչ ֆորմալ ցանց (Science and Technology Angels Network – STAN) է ստեղծվել: Այսօր տրվել է «Հրեշտակների ցանցի» աշխատանքների մեկնարկը:

Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Ռուսաստանից Հայաստանից և մի շարք այլ երկրներից, որոնք ֆինանսական միջոցներ հատկացնելուց բացի, սթարթափերին կուղղորդեն ու կտրամադրեն խորհրդատվություն, մենթորություն:

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ուրախությամբ նշել է, որ FAST-ն աջակցելու է Հայաստանում գիտական և ձեռնարկատիրական համայնքի զարգացման ուղղությամբ մեխանիզմներ առաջարկող ու մշակող մարդկանց: Նրա խոսքով՝ նախատեսում են, որ տարեկան 3-5 ձեռնարկատեր ներդրում կստանա:

«Բիզնես հրեշտակներն» իրենց ներդրումներն անում են ընկերության վաղ զարգացման փուլերում, երբ ձեռնարկատերն արդեն սկսել է իրականացնել իր գաղափարը և եկել է պահը, երբ հավելյալ ֆինանսավորման կարիք կա: Առաջին հերթին ուշադրություն կդարձնենք գիտատեխնիկական հիմքին և զարգացման հեռանկարների առկայությանը՝ ոչ միայն Հայաստանում, այլ գլոբալ աշխարհում»,- ասել է Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է $10 000, հինգերորդ տարուց սկսած՝ $20 000: