CodeTrace. ծրագրավորողների հմտությունները գնահատող հարթակ

CodeTrace սթարթափը մշակել է հարթակ, որը գնահատում է ծրագրավորողների հմտությունները` օգտագործելով նրա GitHub պրոֆիլը, գրած կոդը վերլուծում բազում ծրագրային չափանիշների միջոցով։ Համահիմնադիր Ռաֆայել Մկրտչյանը ittrend.am-ի հետ զրույցում պատմել է սթարթափի ձևավորման, գաղափարի իրականացման և մրցակիցների հանդեպ առավելությունների մասին։

Սթարթափը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է նախորդ տարվա մայիսի 1–ին։ Սկզբում իրեց ստեղծած գործիքը կիրառել են ընկերների շրջանում, այնուհետև որոշել այն դուրս բերել գլոբալ շուկա.

«Մենք զբաղվում ենք ծրագրավորողների գիտելիքների ստուգմամբ և նրանց որակավորման շեմի գնահատմամբ։ Մեր թիմում բոլորը ծրագրավորողներ են ու զբաղվում են ծրագրավորմամբ, գաղափարը իր զարգացման բուն փուլի մեջ մտել է դեռ 2017–ի մարտին։ Մեր համահիմնադիրներից տեխնոլոգիական գծով գլխավոր պատասխանատուի հետ հանդիպեցինք, որոշակի գաղափարներով փոխանակվեցինք ու հասկացանք, որ կարող ենք beta-տարբերակ պատրաստել ու թեստավորել մեր ընկերների գիտելիքները ստուգելու համար։ Սկզբում մոտ 50 ընկերոջ հետ կապվեցինք, որոնք տարբեր աստիճանների ծրագրավորողներ են և տեսանք, որ արդյունքը լավն է, որոշեցինք, որ սա հնարավոր է նաև դուրս հանել շուկա»։

Ռաֆայելն աշխատում է Հայաստանում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերություներից մեկում և իրենց մշակած հարթակը կարող է ծառայել նմանատիպ ընկերություններում ծրագրավորողներին աշխատանքի ընդունելիս կամ էլ արդեն աշխատակիցների գիտելիքների մակարդակն ստուգելու նպատակով։ Շուկայում արդեն իսկ նմանատիպ լուծումներ առաջարկող մրցակիցների համեմատ նշում է 3 գլխավոր առանձնահատկություն.

«Մենք նոր ենք շուկայում, բայց մեր մրցակիցների նկատմամբ ունենք առավելություններ. մեր որակավորման պրոցեսը տևում է 5-10 րոպե, սա նշանակում է, որ այդ ընթացքում կարելի է պատասխանը ստանալ, որը 10 անգամ ավելի արագ է, քան մրցակիցներինը: Մեր software-ի արժեքը ավելի էժան է, քան մրցակիցներինը: Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար ինչ-որ առումներով ձեռնտու տարբերակ ենք տալիս»։

B2C տեսանկյունից գլխավոր նպատակը ծրագրավորողների համար Լinkedin դառնալն է, ի տարբերություն որի` տալիս են սերտիֆիկատացված որակավորման գնահատական: Ամբողջովին վստահում են մեքենայականին, ալգորիթմական աշխատանքին, որն էլ ապահովում է օբյեկտիվությունը։

«B2B տեսանկյունից, մենք ընկերությունների ներսում ծրագրավորողների գիտելիքների գնահատման համակարգ կարող ենք մշակել ու տրամադրել կազմակերպություններին: Սա հատկապես օգտակար կլինի ոչ սթարթափային ընկերությունների համար: Օրինակ՝ 100-ից ավել ծրագրավորողներ ունեցող ընկերություն ղեկավարելիս տարվա կտրվածքով դժվար է հասկանալ, գնահատել բոլոր ծրագարվորողներին: Սա կարող է լինել ներդրված համակարգ, որը տվյալներ կհավաքի ծրագրավորողների մասին ու կներկայացնի»,-նշում է նա։

Ռաֆայելի խոսքով` արդեն ունեն 40 հազարից ավելի օգտատեր աշխարհի 35-ից ավելի երկրներից, որոնք մասնագիտացված են 100-ից ավելի տեխնոլոգիաների մեջ: CodeTrace-ն արդեն մասանկցել է մի քանի ներդրումային մրցույցթների, ընդգրկվել է STEP 2017 վենչուրային կոնֆերանսի «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթող 5 թիմերի կազմում։ Ինչպես նաև, նույն տարում Luys Start Armenia Fund մրցույթում գրավել է առաջին տեղը և 20 հազար դոլար մրցանակային ներդրում ստացել։ 

Նունե Գրիգորյան