Հայաստանին կփոխանցվի 2019 թ-ի ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետը

ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը մեկնում է Հնդկաստան մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology – WCIT), որը կանցկացվի Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում` փետրվարի 19-21-ը: Հայաստանը WCIT-ին մասնակցում է արդեն 9-րդ անգամ:

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները,  B2B հանդիպումներ անցկացնում:

WCIT 2018-ի շրջանակում Հայաստանին պաշտոնապես կփոխանցվի WCIT 2019-ի անցկացման էստաֆետը, որի անցկացման իրավունքը Հայաստանին է ընձեռնվել դեռևս 2014-ին՝ շնորհիվ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ):

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնեսի ֆորումի ընթացքում տրվեց 2019-ին Երևանում  կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) աշխատանքների մեկնարկը: Այդ օրերին Հայաստան էին ժամանել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահ Իվոն Չիուն և գլխավոր քարտուղար Ջեյմս Փոյզանթը: Նրանց հետ ittrend.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: