Telegram-ը 850 միլիոն դոլար է ներգրավել

Telegram-ը 850 միլիոն դոլար է ներգրավել

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) հաշվետվություն է ներկայացրել՝ 81 ներդրողից $850 մլն ներգրավելու մասին։

Հաշվետվությունում նշված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություն՝ Telegram Group Inc. եւ TON Issuer Inc., որոնք ղեկավարում են Պավել և Նիկոլայ Դուրով եղբայրները։ Ներգրավված միջոցները կուղղվեն սեփական կրիպտոարժույթով (Gram) նոր՝ Telegram Open Network (TON) բլոկչեյն հարթակի ու Telegram մեսենջերի զարգացմանը։

SEC-ին ներկայացրած փաստաթղթում Պավել Դուրովը չի նշել ներդրողների անունները, սակայն ռուսաստանցի որոշ գործարարներ հայտնել են իրենց ներդրումների մասին։

Նշենք, որ Telegram մեսենջերը ստեղծվել է 2013թ.։ Вконтакте սոցցանցը վաճառելուց հետո Պավել Դուրովը մեկնել էր Ռուսաստանից։ 2017թ. դեկտեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում Դուրովը հայտնել էր, որ որոշել է բնակվել Դուբայում։

Վերջերս Forbes-ը Պավել Դուրովին ճանաչվել է դոլարային միլիարդատեր: Նախնական գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է 1,7 մլրդ դոլար:

Առանցքային դեր է խաղացել Telegram-ի օգտատերերի քանակի աճը, որը հատել է ավելի քան 100 միլիոնի սահմանը։ Հենց հավելվածը գնահատվել է նվազագույնը 1 մլրդ դոլար։ Դուրուվի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում Telegram-ի օգտատերերի թիվը հասնում է 10 մլն-ի:

Նշենք, որ Դուրովն առաջին անգամ Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները» վարկանիշում հայտնվել է 2016 թվականին՝ զբաղեցնելով վարկանիշի 135-րդ տեղը: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 600 մլն դոլար: 2017–ի գարնանը` 950 միլիոն դոլար։