Ինչպե՞ս անվտանգ դարձնել Instagram-ի էջը

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարկել է Instagram-ի էջն անվտանգ դարձնելու և դրանում պահվող անձնական տվյալները պաշտպանելու ուղեցույց, որտեղ ներկայացված են կարևորագույն քայլեր, որ պետք է անեն Instagram-ի օգտատերերն իրենց հաշվի անվտանգության ապահովման, հաքերային հարձակումից խուսափելու ու անձնական տեղեկություններն անցանկալի մարդկանց մոտ չհայտնվելու համար։

Այսպիսով, հարկավոր է կատարել հետևյալ քայլերը`

1. Միացնել երկփուլանի նույնականացումը (Two-Factor Authentication)

2. Չեղարկել այլ ծրագրերին հասանելիությունը

3. Թույլ չտալ հասանելիություն գտնվելու վայրի մասին

4. Հաշվում առկա տեղեկությունները պահել մասնավոր կարգավիճակով (Private)

Instagram-ը միջոց է լուսանկարվելու, ընկերների հետ կիսվելու, ստեղծագործ լինելը ցույց տալու համար։ Այն հրաշալի հարթակ է սեփական բրենդը ստեղծելու համար։ Սոցիալական ցանցը նաև հրաշալի միջոց է ողջ աշխարհի մասշատբով օգտակար բովանդակություն գտնելու համար։

Այնուամենայնիվ, այն նաև սոցիալական ցանց է, որ իր հետ բերում է ռիսկեր օգտատիրոջ ու նրա անձնական տվյալների համար։

Նախքան ուղեցույցը կարդալը դուք պետք է մի քանի պարզ հարց տաք ձեզ.

· Արդյո՞ք դուք հանրային անձ եք։ Ուզու՞մ եք աշխատել ձեր առցանց բրենդի վրա եւ ունե՞ք այն հանրային պահելու անհրաժեշտություն։

· Եթե ոչ՝ որքանո՞վ է ճիշտ, ներկայանալ իրական անունով ու հրապարակել զգայուն տվյալներ, երբ ձեր ընկերներն արդեն գիտեն՝ ով եք դուք ։

· Եթե ոչ՝ ձեզ իսկապես անհրաժե՞շտ է հրապարակել տեղեկություններ ձեր գտնվելու վայրի, աշխատանքի կամ բնակության վայրի մասին։

Տվեք այս հարցերը ձեզ ամեն անգամ, երբ նոր լուսանկար եք հրապարակում Instagram-ում կամ երբ թույլ եք տալիս այն օգտագործեն ձեր երեխաները։

Այժմ մանրամասն նայենք Instagram-ի գաղտնիության ու անվտանգության կարգավորումներն առցանց ապահովությունը բարձրացնելու համար։

  • Ինչպես Instagram-ի էջը դարձնել մասնավոր (private)

Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր նկարները լինեն հանրային ու հասանելի բոլորին, կարող եք ձեր էջը մասնավորեցնել։

Ձեր նկարները միայն ձեր կողմից ընտրված մարդկանց հասանելի դարձնելու համար հետևեք այս քայլերին.

1. Բացեք ինստագրամի ձեր էջը

2. Սեղմեք վերևի աջ անկյունի երեք կետերի վրա

3. Ներքևում կգտնեք Private Account ֆունկցիան։ Համոզվեք, որ այն միացրած է (միացրած վիճակում պետք է կապույտ գույնի լինի)։

Այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում ձեր նկարները հասնելի կլինեն միայն նրանց, ովքեր ձեզ հետևում են։

  • Արգելափակեք անցանկալի հետևողներին (followers)

Դուք ստեղծում եք Instagram-ի էջ ու հետևողներ հավաքում։ Սկսում եք հետևել նույնիսկ անծանոթ մարդկանց։ Սովորաբար նրանց մի մասն էլ սկսկում է ձեզ հետևել (follow back):

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց հնարավոր է սկսեք անծանոթների կողմից ոչ պատշաճ նամակներ ու մեկնաբանություններ ստանալ կամ ընդհակառակը, նրանք ոչ մի ակտիվություն ցույց չտան ու զգաք, որ նրանք միայն թաքնվում են։

Եթե նույնիսկ միացրել եք մասնավոր հաշիվ (private account) ֆունկցիան, դա չի օգնի ձեր նկարները հասանելի չդարձնել այն մարդկանց, ովքեր ձեզ արդեն հետևում են։

Դրա համար դուք պետք է ձեռքով հեռացնեք (Block) այն մարդկանց, ովքեր չեք ուզում տեսնեն ձեր նկարները։

Հետևողներից որևէ մեկին ցուցակից հեռացնելու համար հետևեք այս քայլերին.

1. Մտեք ձեզ հետևողների (Followers) ցանկ ու գտեք տվյալ մարդուն

2. Սեղմեք նրա էջի վրա

3. Վերևի աջ անկյունից սեղմեք մենյու կոճակը

4. Նոր պատուհանում ընտրեք՝ արգելափակել օգտատիրոջը (Block User ) ֆունկցիան.

  • Պահեք ձեր էջի տեղեկությունները մասնավոր կարգավիճակում (ptivate)

Մի գրեք չափից ավելի շատ անձնական տվյալներ, հատկապես EDIT PROFILE շրջանում։

Bio բաժնում մի գրեք անձնական այնպիսի տեղեկություն, որը կարող է օգտագործվել ձեր դեմ: Օրինակ, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկություններն անձնական կյանքի տվյալներ են, իսկ օրինակ, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները հատուկ պաշտպանության կարիք ունեցող տվյալներ են:

Հիշեք, որ դուք եք տնօրինում ձեր տվյալները, իսկ Instagram-ը տալիս է պաշտպանվելու մեխանիզմներ, անգամ՝ ձեր ակտիվ լինելու կարգավիճակը (երբ եք վերջին անգամ ակտիվ եղել) կարող եք անջատել։ Սա անելու համար վերևի աջ անկյունից բացեք մենյուն, թերթեք ներքև ու անջատեք Show Activity Status կոճակը։

  • Մի հայտնեք ձեր գտնվելու վայրի մասին

Առցանց հանցագործներից պաշտպանվելու ու անձնական տեղեկությունները ապահով պահելու կարևոր քայլերից է նաև գտնվելու վայրի մասին տեղեկությունը։ Պետք է համոզված լինեք, որ դուք սմարթֆոնի միջոցով չեք տալիս այդ տեղեկությունը Instagram-ին։

Սա շատ կարևոր է այն դեպքերում, երբ ողջամտորեն կասկածներ կարող են լինել, որ գտնվելու վայրը կարող է օգտագործվել ձեզ վնասելու համար. օրինակ, եթե ձեր բնակության վայրում հաճախացել են այլ քաղաքում գտնվող անձանց բնակարանային գողությունները, կամ եթե որեւէ մեկը (ասենք՝ անցանկալի երկրպագուն) պարբերաբար գտնում է ձեզ եւ անհանգստացնում իր ներկայությամբ։

Կարող եք վայրի մասին տեղեկությունը հեռացնել նաեւ նախկինում հրապարակված ու գտնվելու վայրի մասին տեղեկություն պարունակող լուսանկարներից հետևյալ կերպ.

1. Մտեք Instagram-ի՝ ձեր լուսանկարների էջը

2. Գտեք այն նկարները, որոնք ունեն գտնվելու վայրի մասին տեղեկություն ու սեղմեք նկարի վրա Menu կոճակը (ուղղահայաց 3 կետերը)

3. Ընտրեք խմբագրել (edit), հետո սեղմեք վայրի (location) դաշտի վրա։ Եթե այդ դաշտը դատարկ թողնեք, գտնվելու վայրի մասին տեղեկությունը կջնջվի։

  • Հաստատեք, երբ ձեզ նշում են լուսանկարի վրա

Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկն անցանկալի լուսանկար է հրապարակում, որտեղ դուք եք պատկերված ու ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները չպետք է այն տեսնեն։

Այդ է պատճառը, թե ինչու պետք է հաստատել յուրաքանչյուր նշումը սոցիալական ցանցերում։

Այս դեպքում Instagram-ում պետք է միացնել այն ֆունկցիան, որը թույլ է տալիս հաստատել նշումը, նախքան այն կհայտնվի ձեր էջում։

Անելու համար.

1. Մտեք Instagram-ի ձեր էջ ու սեղմեք վերևի աջ անկյունի երեք կետերը

2. Ընտրեք Photos of You կետն ու նշեք Add Manually

  • Թաքցնել Instagram-ի պատմություններն (Story) ու ուղիղ հեռարձակումները անցանկալի մարդկանցից

Գաղտնիություն պետք է ու հնարավոր է ապահովել ոչ միայն նկարների ու գտնվելու վայրի մասին տեղեկության համար, այլ նաև Instagram-ի Story բաժնի համար։

Կարելի է այնպես անել, որ անցանկալի մարդիկ չտեսնեն ձեր Story-ները կամ արգելել, որ ուրիշները կարողանան կիսվել (Share) դրանով:

Story բաժնի կարգավորումները տեսնելու համար մտեք մենյու, հետո՝ Story Settings

  • Միացրեք երկփուլանի վավերացումը

Երկփուլանի վավերացումը պաշտպանության հավելյալ շերտ է ձեր էջի համար։ Եթե ինչ-որ մեկը իմանա ձեր գաղտնաբառը, միևնույն է, չի կարողանա մտնել ձեր էջ, քանի դեռ չի մուտքագրել ձեր հեռախոսին եկած կոդը։

Սակայն դա չի նշանակում, որ կարող եք հեշտ գաղտնաբառ դնել։ Գաղտնաբառը նույնպես պետք է լինի ուժեղ ու այլ տեղերում չօգտագործվող։

Ինչպես միացնել երկփուլանի վավերացումը.

1. Բացեք Instagram հավելվածն ու մտեք ձեր էջ

2. Սեղմեք մենյուն ու գտեք «Two-Factor Authentication» կետը

3. Միացրեք այն։

Այս ամենն անելուց հետո, երբ էլ որ ցանկանաք մտնել Instagram-ի ձեր էջ նոր հեռախոսից, պետք է հաստատեք հեռախոսահամարին եկած կոդը։

  • Չեղարկել այլ հավելվածների հասանելիությունը

Հավանաբար սոցիալական ցանցի ձեր էջն օգտագործել եք այլ հավելվածներ մուտք գործելու համար։ Դրանք կարող են լինել այլ սոցիալական ցանցեր կամ ծառայություններ, որ ստանում են տեղեկություն ձեր հետևողների, հրապարակումների և այլնի մասին։

Անվտանգության ու գաղտնիության սկզբունքներից ելնելով պետք է հասանելիություն թույլ տաք միայն այնպիսի հավելվածների որոնց վստահում եք, մասնավորապես, ուղիղ Facebook-ի կողմից ստեղծվածներին։

Գրանցված ծրագրերը տեսնելու կամ հեռացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Instagram համակարգչի բրաուզերով ու «Խմբագրել էջը» (Edit Profile) բաժնից ընտրել Authorized Applications-ը։

  • Ընդհանուր կանոններ, որ պետք է հիշել Instagram-ում հրապարակում անելուց առաջ

· Մի հրապարակեք զգայուն տվյալներ ձեր լուսնակարներում ու վերնագրերում

· Մի հայտնեք ձեր գտնվելու վայրի մասին

· Մի օգտագործեք այնպիսի հեշթեգներ, որոնք բացահայտում են անձնական տվյալներ կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն

· Մի հրապարակեք սադրիչ ու բռնություն ցուցադրող լուսանկարներ

· Մի հրապարակեք այլ մարդկանց լուսանկարներ առանց նրանց համաձայնության

· Մի ներգրավվեք առցանց ծաղրի մեջ

· Ծնողներին խորհուրդ է տրվում չհրապարակել երեխաների լուսանկարները կամ անել դա շատ զգուշաբար

· Եթե մուտք եք գործում Instagram-ի ձեր էջ այլ սարքերից, հետո համոզված եղեք, որ դուրս եք եկել

Միաժամանակ, վերոնշյալ կանոններից որոշները կարող են ձեզ վերաբերել կամ չվերաբերել կախված ձեր՝ հանրային դեմք լինելուց կամ Instagram-ն օգտագործելու նպատակներից, սակայն հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները, այն, որ համացանցում մեկ անգամ հայտնված տվյալն այնտեղ մնում է հավերժ՝ զգույշ եղեք համացանցում ձեր անձնական տվյալները հրապարակելիս:

Instagram-ի գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Օգտագործման պայմաններին այստեղ։