Zoomar. 14–ամյա Արմանը մշակել է լրացված իրականության (AR) հավելված

14–ամյա Արմանը մշակել է լրացված իրականության Zoomar հավելվածը, որն այսօր արդեն հասանելի է դարձել Google Play–ում։ Հավելվածի օգնությամբ հնարավոր է սկանավորել պատկերներ և կենդանացնել դրանք, տեսնել եռաչափ մոդելները։ Արմանը հաճախում է Թալինի «Արմաթ» ինժեներական խմբակ, իր հավելվածի վրա աշխատել է 4 ամիս, այդ ընթացքում նրան օգնել է խմբակիցը` Վիգենը։

ittrend.am-ի հետ զրույցում Արմանը նշեց, որ տեխնոլոգիաներով սկսել է հետաքրքրվել դեռևս 4 տարեկանից, երբ ծնողները գնեցին իր առաջին համակարգիչը։ Այդ ժամանակ սկսեց Photoshop-ից, հիմա արդեն տարվել է AR/VR տեխնոլոգիաներով։

«Տեսնում էի, որ AR տեխնոլոգիաները զարգանում են, ինձ հետաքրքրեց ու կարելի է ասել, Arloopa-ից ոգեշնչվելով, մտածեցի ես նույնպես պատրաստեմ AR հավելված։ Համացանցում, Youtube-ում նյութեր էի փնտրում, որ տեսնեմ ու սովորեմ` ինչպես են պատրաստում այդպիսի հավելված։ Դրանք քիչ էին, բայց կարողացա հավաքել, սովորել ու նաև Արման Աթոյանի խորհուրդներով պատրաստեցի հավելվածը։ Սկզբում կենդանացնում էի մեր կենսաբանության գրքի նկարները` կմախքները, բայց հետո անցա ժամանցային պատկերների»,–ասում է նա։

Zoomar-ը հասանելի է Android համակարգի համար, Արմանի խոսքով` մեկ ամսից կթողարկվի նաև iOS տարբերակը, բայց մինչ այդ պետք է լրացնի iOS հավելված պատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները։

«Ապագայում նախատեսում եմ Zoomar-ում ավելացնել ձայնային էֆեկտներ։ Ժամանացային պատկերներից բացի, նաև ուսուցողական ուղղությամբ զարգացնել` մանկական գրքերի պատկերները կենդանացնել։ Մեր դպրոցում հայ գրողների անկյուն  ունենք, որտեղ կախված են նրանց նկարները, ցանակնում եմ ձայնային էֆեկտներով ու 3D մոդելներով կենդանացնել այդ նկարները նույնպես»,–նշում է Արմանը։

Թալինի արմաթցի ընկերները մասնակցել են Երևանում առաջին անգամ անցկացված Yerevan Blockchain Hackathon-ին, որտեղ 24 ժամում պատրաստել են AR հավելված ու արժանացել խրախուսական մրցանակի Ethereum կրիպտոարժույթով։ Բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սփանոսը ողջունել է տղաների նախաձեռնությունը։

Արմանը պատմեց, որ ցանկանում է բացի լրացված իրականությունից, նաև վիրտուալ իրականության հավելվածներ պատրաստել, որոնք թույլ կտան դպրոցի քիմիայի լաբորատորիայում վիրտուալ, միաժամանակ անվտանգ փորձեր կատարել VR ակնոցների միջոցով։

Նունե Գրիգորյան

Լուսանկարը` Անի Արիա Վարդանյանի