ggTaxi-ն մուտք է գործում ռուսական շուկա

ggTaxi ընկերությունը հայտարարել է, որ մարտի 14–ին մուտք է գործում ռուսական շուկա, իր ծառայություններն է սկսելու առաջարկել նաև Մոսկվայում։ Ընկերությունն այս մասին հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջով։ Մոսկվայում կաշխատեն gg Truck և gg Evacuator պրոդուկտները, որից հետո ընկերության թիրախը կդառնան աշխարհի մյուս մեգապոլիսները։

«Ամեն ընկերության կյանքում լինում են վճռական պահեր, երբ պետք է լարել բոլոր ուժերը և հասնել բաղձալի նպատականին։ Նման պահեր մեր ընկերության պատմության ընթացքում բազմիցս եղել են։ Այդպիսի մի պահ է հասունացել։ Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20 միլիոնանոց Մոսկվան։ Խնդիրը իրոք դժվար է և հետաքրքիր»,– նշված է ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի տարածած հայտարարությունում։

Նշենք, որ ggTaxi հայկական ընկերությունը 2016–ին մուտք է գործել վրացական շուկա և արդեն գործում է Թբիլիսիում: Առցանց տաքսի պատվիրելու համակարգը 2015-ի հունիսին $200,000 դոլարի ներդրում է ստացել, որի մի մասն ապահովել է «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամը, իսկ մյուս մասն ապահովել է ամերիկահայ ձեռնարկատեր, 6 խոշոր ընկերությունների, ինչպես նաև list.am–ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանը։ Ավելի վաղ, ևս $50,000 դոլար է ստացել Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի ընթացքում։

ggTaxi-ն տաքսի պատվիրելու առցանց համակարգ է, որ ստեղծվել է gglaboratories թիմի կողմից 2014 թվականին: Այն թույլ է տալիս առանց զանգահարելու տաքսի պատվիրել: Առաջին քաղաքը, որտեղ այն կիրառվել է` Երևանն է։ Համակարգից կարելի է օգտվել կայքի միջոցով, ինչպես նաև բեռնել համապատասխան հավելվածը App store-ից և Google Play-ից:

https://www.facebook.com/grigorian.khachatur/posts/10210783673404021