PicsArt–ի աշխատանքային կյանքն ու առօրյան

Հայաստանի ՏՏ ընկերություններն աստիճանաբար ընդլայնվում են ու փնտրում իրենց միջավայրին ու տեսլականին համապատասխան նոր աշխատակիցներ։ ittrend.am-ը ֆոտոշարքով ներայացնում է Հայաստանում գործող հաջողված ընկերությունների աշխատանքն ու առօրյան:

Փորձել ենք ներսից բացահայտել Հայաստանում գործող ամենահաջողված ՏՏ ընկերություններից մեկը` PicsArt-ը։ Մեկ օր անցկացրել ենք նրանց երևանյան գրասենյակում, զրուցել աշխատակիցների առօրյայի, գործունեության ընթացքի, սիրելի ավանդույթների մասին և ոչ միայն, ֆիքսել ամենաուշագրավը:

Աղմկոտ, ազատ, բաց ու մոտիվացնող միջավայր. սա առաջին տպավորությունն է, որ ստանում ես ներս մտնելիս, այնուհետև կարող ես նկատել, որ չկան պատեր ու առանձնացված աշխատասենյակներ։ Գունավոր պաստառներն ու մոտիվացնող գրությունները հուշում են, որ սա մի վայր է, որտեղ ստեղծարարությունն ու միտքն ազատ արտահայտելը խրախուսվում են։

Առանձնացված են միայն հանդպիման սրահները, որոնք ոչ միշտ կարելի է ազատ գտնել։ Աշխատակիցների մեծամասնությունը շտապում է հերթական հանդիպմանը։ Նոր գաղափարների համատեղ քննարկումներն ու դրանք միասին զարգացնելն այստեղ առաջնային է։

Ավանդական հիմնարկային պատկերացումներն աշխատանքային առօրյայի մասին այստեղ բացակայում են։ Գրեթե բոլորն, ում հետ զրուցել ենք գլխավոր առավելություն են համարում մեծ նպատակի մաս կազմելը, «ժամ լրացնելուց» զերծ լինելն ու օրն ինքնուրույն պլանավորելու հնարավորությունը։ Ազատությանը զուգահեռ, պետք է նշել, նաև սեփական գործի հանդեպ պատասխանատվության զգացումը։

Աշխատակիցները կարող են օգտվել սպա սրահի ծառայություններից, հանգստի սենյակում խաղալ կիբեռխաղեր, սեղանի թենիս, ֆուտբոլ։ Գրասենյակում հաշվի են առել գրեթե բոլորի նախասիրությունները։  

Նարեկ Հայրապետյան (PicsArt Labs-ի և Camera բաժինների գլխավոր մենեջեր)

-2013-ից եմ այստեղ: Սկզբում եկել եմ որպես Windows ծրագրավորող, այդ ժամանակ PicsArt-ը դեռևս Windows հարթակում չկար, նոր թիմ էր հավաքվել։ Հետո անցում կատարեցի iOS հարթակ ու այդ ժամանակ ստեղծվեց PicsArt Labs-ը, որն էքսպերիմենտալ թիմ է: Ստեղծում ենք տարբեր փոքր հավելվածներ որոնք էլի կապված են ֆոտո, վիդեո խմբագրման և անիմացիայի հետ:

Մոտ 1 տարի առաջ նաև սկսել եմ աշխատել PicsArt Camera հատվածի վրա: Ներկառուցված տեսախցիկի զարգացմամբ ենք զբաղվում:

Իմ թիմում տվյալ պահին 15-ն ենք: Մեզ մոտ հարաբերությունների սպեցիֆիկան սկսում է նրանից, որ ղեկավար ենթակա հարաբերություններ չկան:

Լինում է, որ մնում ենք գործից հետո խաղեր ենք խաղում: Մեր թիմի ավանդույթն է գործից հետո գործի տեղում մնալը: (ծիծաղում է) Մեկ–մեկ շատ եք մնում, լինում է գործ ենք ունենում մնում ենք, լինում է ուղղակի: Եղել է 4 գիշեր այստեղ եմ քնել:

PicsArt-ում ինձ ամենշատը գրավում է այն, որ աշխատանքի կոնցեպտը մեր ստանդարտ, ճանաչած կոնցեպցիայից դուրս է: Մենք զգում ենք, որ ինչ-որ բան ենք եկել այստեղ ստեղծելու։ Չենք զգում, որ գալիս ենք ժամով ինչ-որ գործ անենք ու գնանք, այլ ընտանիք ենք:

Մոտ 350 հոգի աշխատող ունենք ու նոր աշխատողը պետք է կարողանա կոնստանտ աճ գրանցել` չգա ու լճանա: Պետք է բավական ինքնուրույն լինի, չսպասի որ իրեն ասեն. որ մի բան անի։

 

Լիլիթ Պետրոսյան (Խմբագրական թիմի գլխավոր մենեջեր)

-Հայստանում դժվար է գտնել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ քեզ նման մարդիկ են, PicsArt–ը այդ բացառություններից մեկն է: Ես բազմաթիվ տեղերում եմ աշխատել, սա այն տեղերից մեկն է, երբ ճաշակով ու աշխարհայացքով ինձ նման մարդկանց հետ եմ աշխատում: Առօրյաս չի բաժանվում գործընկերների ու ընկերների հետ շփման։

Ես PicsArt եկել եմ 3 տարի առաջ որպես հաճախորդների սպասարկման կենտրոնի մասնագետ: Դրանից հետո 3 թիմ եմ փոխել։ Մեր թիմում մոտ 30 հոգի ենք, շատ–շատ են ընդհանուր հետաքրքրությունները:  Ամենաշատը սիրում եմ այն, որ կապ չունի ինչ մասնագետ է, ծրագրավորող, որակի սպասարկման մասնագետ, թե մենեջեր, բոլորը նախաձեռնող են:

Խնդիրներ գրեթե չենք ունենում: Եթե մեկն օրինակ բացակայում է, մյուսը փոխարինում է: Հերիք չէ իրար հետ ենք օրվա ընթացքում, նաև ուրբաթ երեկոն միասին ենք անցկացնում:

Վահե Հակոբյան (Արհեստական բանականության թիմի տեխնիկական գծով ղեկավար)

-Արհեստական բանականության ոլորտը Հայաստանում դեռ այդքան զարգացած չէր, 2015-ին երբ եկա PicsArt: Սկզբում ես մենակ էի, բայց ժամանակի ընթացքում բավականին ջանքեր գործադրելով, PicsArt–ի  աջակցությամբ, շատ թրեյնինգներ կազմակերպեցինք ու այսօրվա դրությամբ թիմը հասել է մոտ 20 հոգու: Կոլեգաներ ունենք նաև Ռուսաստանում:

Արհեստական ինտելեկտ ասելով` հիմա հասկանում ենք ալգորիթմների ընտանիք, որոնք թույլ են տալիս կոնկրետ շատ թիրախավորված խնդիրներ լուծել։ Մեր նպատակն է խելոք մեթոդներով մեր օգտատերերին միշտ ուրախ պահել։

2017-ին երբ ես բախտ ունեցա գտնվել Սիլիկոնյան հովտում, նաև այս տարվա ընթացքում շատ հյուրեր ունեցանք, ես չնկատեցի կոնկրետ իմ թիմի ու այդ մարդկանց միջև գիտելիքային տեսանկյունից անդունդ:

Աշխատանքից դուրս գիտեմ, որ ավելի երիտասարդ անդամներն իրար հետ շատ ակտիվություններ են ունենում։ Մենք ունենք ֆուտբոլի թիմ, պոկեռի թիմ: Մեր բաժնով ժամանակ առ ժամանակ քաղաքից դուրս ենք գնում:

 

 

Անի Թորանյան (HR մենեջեր)

–PicsArt նոր ընդունվող մարդկանց հետ զրուցելիս` կարևորում ենք մարդկային հատկանիշները: Առաջին նախապայմաններից մեկն անկեղծ ու ստեղծարար լինելն է, այդ ձևով նոր գաղափարները ավելի հեշտ են ծնվում, փոխանցվում: Ընկերության հիմքում ստեղծագործությունն է:

Աշխատողը շատ հեշտությամբ կապի մեջ կարող է լինել հիմնադրի, տնօրենի, ամենաբարձր պաշտոնի մարդու հետ, ոչ մի պատնեշ չկա և այդ ձևով, մենք թույլ ենք տալիս, որ նոր գաղափարները տեղ հասնեն: Շահում է և՛ նոր աշխատողը, և՛ ընկերությունը:

Ճիշտ է մենք արդեն 300-ին մոտ ենք, բայց ընտանեկան մթնոլորտը պահպանվում է: PicsArt-ը սկսվել է ընդամենը 10-12 հոգով եւ այդ մթնոլորտը պահպանվել է մինչ այսօր, կարելի է ասել դրա շնորհիվ է, որ հասնում ենք բարձունքների ու ճանաչվում ենք աշխարհում:

 

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվն արդեն հատել է 100 միլիոնի սահմանը: Հայկական հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարներ, տեսահոլովակներ, սթիքերներ և հանդիսանում է առաջին photo editor հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել սեփական ստեղծագործություններով և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։ Ամեն ամիս հավելվածի միջոցով խմբագրվում է 850 միլիոնից ավելի նկար և 50 միլիոնից ավելի սթիքեր:

Ընկերությունը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ընդգրկվել  է տարվա լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Ունի գործող գրասենյակներ Երևանում և Սան Ֆրանցիսկոյում։ Հավելվածն աշխատում է iOSAndroid և Windows օպերացիոն համակարգերում, հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում:

Նունե Գրիգորյան 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի