Ստարտափերի համար դրամաշնորհների երկրորդ փուլն արդեն մեկնարկել է. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել մանրամասնում է EIF տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

Հայաստանում մեկնարկել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը: Այն ուղղված է տեխնոլոգիական վեկտոր ունեցող ստարտափերի և գործող ընկերությունների զարգացմանը:

Այս մասին նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա, ծրագիրը բավական հաջող ընթացք ունի  և   էականորեն տարբերվում է նմանատիպ այլ ծրագրերից, որովհետև այստեղ  հատուկ ուշադրության կենտրոնում են պահում բարձր տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտները:

«Դա պատահական չէ. Կառավարությանն այսօր փորձում է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ իրականացնել «ինժեներական քաղաք» «Ազգային ինժեներական լաբորատորիաներ» նախագծերը: Այս գործիքը ևս լուրջ աջակցություն է որդեգրած ռազմավարությանը»,-նշում է Բագրատ Ենգիբարյանը:

Դրամաշնորհների ծրագրի առաջին փուլով արդեն 14 ընկերության դրամաշնորհներ են տրվել և դրանց մեջ ա կան ընկերություններ, որոնք բանակցում են մեկ մլն-ից ավելի ներդրումների շուրջ:

«Երկրորդ փուլն արդեն հայտարարված է, կտրամադրվի 9 դրամաշնորհ՝ 35 հազար եվրոյին համարժեք դրամի չափով: Դիմող կազմակերպությունները պետք է ֆինանսավորեն այդ ծրագրերի 50 տոկոսը: Ծրագրերը պետք է լինեն ոչ ավել, քան 9 ամիս տևողությամբ և պետք է լինեն  բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտների՝ մեքենայական ուսուցում, արհեստական ինտելեկտ և այլն ուղղվածությամբ: Այսինքն`ընկերությունները պարզ ծրագրով չեն կարող մասնակցել: Ընտրությանը մասնակցում են  նաև միջազգային փորձագետներ: Դիմելու համակարգն առցանց է լինելու»,-հայտնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրենը։

Բագրատ Ենգիբարյանը հավելեց, որ ուղղակի լավ գաղափար ունենալը բավաական չէ այս ծրագրով օժանդակություն ստանալու համար, պետք է լինի արդեն կյանքի կոչված գաղափար, որը շուկայում դիրք գրավելու խնդիր ունի ու ռեսուրսների պակաս։

Գաղափարների մրցույթը կհայտարարվի մեկ ամսից, ֆինանսավորումը նախատեսվում է մոտ 15 հազար եվրոյի չափով, իսկ համաֆինանսավորման անհրաժեշտություն չի լինի։