«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթ Վանաձորի տեխնոկենտրոնում

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթ:

Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես հետևյալ ոլորտներում.

  1. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
  2. Տեղեկատվության որոնման բարելավում
  3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է, որտեղ այն հայտարարված է տնտեսության առաջնային ոլորտ:

Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները:

Մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ:

Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների համաձայն ամբողջ Հայաստանից նախնական փուլով հայտերի հիման վրա կընտրվեն այն թիմերը, որոնք հանդես կգան եզրափակիչ փուլում՝ ժյուրիի առաջ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4 է:

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հեքըթոնը կանցկացվի ապրիլի 7-8-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա որոնք կներկայացնեն ժյուրիին:

Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի տրանսպորտ դեպի Վանաձոր և ետ:

Գրանցվել կարող եք`  այստեղ։

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2, 18:00: