ArmHiTec 2018. սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային երկրորդ ցուցահանդես

ArmHiTec 2018. սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային երկրորդ ցուցահանդես

Մարտի 29–31 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  կայացավ սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային թվով երկրորդ  ցուցահանդեսը։

ՏՏ–պետություն սերտ համագործակցության   հարցը առավել ակտուալ դարձավ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո և ՀՀ ՊՆ նախարարությունը ձեռնամուխ եղավ նման ցուցահանդես անցկացնելուն, որտեղ ընկերությունները կներկայացնեին ռազմական տեխնիկա և ոլորտի համար նախատեսված տեխնոլոգիական տարբեր լուծումներ։ Արդեն երկրորդ անգամ հայ և արտասահմանցի ինժեներները ՀՀ ՊՆ–ի, այցելուների և մասնագետների  դատին են ներկայացնում ռազմական տարատեսակ տեխնիկայի ու տեխնոլոգիական լուծումների ամբողջ համալիր։

Electron ընկերության գլխավոր ինժեներ` Սերգեյ Ջաղինյան

««Էլեկտրո» արտադրական միավորումը Սովետական միության ժամանակից զինվորականների համար է աշխատել` միշտ զինվորական հաշվիչ մեքենաներ ենք ստեղծել։ Հեղաշրջումից հետո, կյանքի բերումով, սկսեցինք զենք արտադրել` առաջին նռնակներն ու ականները մենք ենք արտադրել։ Այսօր մասնագիտացել ենք ականներ տեղադրելու, հանելու, գտնելու և դրանք հեռակառավարման միջոցներով աշխատեցնելու ուղղությամբ։ Ունենք տարբեր, անգամ ինտելեկտուալ` խելացի ականներ, որոնք հասկանում են ով է տեղանքում և պետք է պայթել, թե` ոչ։ Ունենք նոր տիպի նռնակներ, որոնք համեմատել ենք  զինամթերք արտադրող  պետությունների առաջարկների հետ և  նրանց մեջ 3–4–րդ տեղում ենք։ Սրանք նոր ենք արտադրում, նախատեսում ենք, որ դրանք լինելու են և՛ պաշտպանական, և՛ հարցակողական»։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ցուցահանդեսի շրջանակում ևս առաջարկեց իր լուծումները` սկսած զինվորական նոր սերնդի ավտոմատներից մինչև թռչող սարքերը գտնելու և ոչնչացնելու տեխնոլոգիաներ։

Հայկ Լորեցյան, Համլետ Մուրադյան

«Քարտեզի վրա պատկերված է Հայաստանի և տարածաշրջանի ընդհանուր օդային իրավիճակը, որը  ստացել ենք մեր տարածքում տեղադրված 10–ից ավելի լոկատորներից։ Ցույց է տալիս հա՛մ ավիացիայի, հա՛մ բոլոր ռազմական ինքնաթիռները։ Ընդհանուր տեղեկատվությունը ստանում ենք մեր ռադարներից և քաղավիացիայից։ Նախագծի վրա աշխատել ենք երկուսով , 6 ամիս է տևել։ Այսպես` նախնական տեսքով արդեն կիրառվում է, բայց դեռ անելիքներ ու զարգացնելու տեղեր ունենք»։

Ցուցահանդեսին քիչ չէին նաև արտասահմանյան կազմակերպությունները, որոնք եկել էին ոչ միայն իրենց արտադրանքը Հայաստանում ներկայացնելու, այլ նաև` համագործակից ընկերություններ գտնելու ու շուկային ծանոթանալու համար։

Bharat Electronics Limited Շե Շանկ

«Մենք արդեն 16 տարի է ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում ենք։ Այս ցուցահանդեսին ներկայացնում ենք մի քանի ռազմական լուծումն` ռադիոկապ, ռադարներ, հրթիռներ, որոնք ինտեգրացման բարձր աստիճան ունեն։ Այս ցուցահանդեսին մասնակցությունը մեզ նոր գործընկերներ ու շուկա գտնելու հնարավորություն է ընձեռում»։

Բացի ռազմական սպառազինությունից ցուցահանդեսի շրջանակում ԻՏՁՄ–ն ռազմական տեխնիկայի կողքին ներկայացրել էր նաև  «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ռազմական դպրոցների համար նախատեսված տարբերակը՝ ԱրմաթԱռմը։

Սեդրակ Վարդանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի համակարգող

«Այստեղ սովորական «Արմաթ»–ին  ավելացվել է անօդաչու թռչող սարքերի մասը։ Ինչպես ռազմական ուսումնարաններում, այնպես էլ` դպրոցներում երեխաները կարող են ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ։ Եվ քանի որ հիմա դպրոցից անմիջապես բանակ են գնում, բանակին պետք է տեխնոլոգիական հասուն մասնագետներ։ Քանի որ կարևոր է նաև, որ բանակը ունենա տեխնոլոգիական զենքեր` անօդաչուներ և այլն, պետք են դրանք սպասարկող մարդիկ։ Իսկ այդպիսի մասնագետներ մենք կարող են պատրաստել անմիջապես դպրոցի բարձր դասարաններում»։

 

Սյուզան Թոսունյան