99 500 ԱՄՆ դոլար` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին ՝ սեռով պայմանավորված բռնությունների դեմ տեխնոլուծումներ ստեղծելու համար

Սեռով պայմանավորված բռնության կանխարգելման հարցում նորարարական լուծումներ առաջարկելու համար Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը (ՍԲՀՆ) (Sexual Violence Research Initiative) (SVRI) այսօր 99 500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին նմանատիպ բռնությունների  թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով:

Մրցանակը  տրվել է Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին (ՁԻՀ)՝ բջջային հեռախոսների հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման ոլորտում լուծումներ ստեղծելու համար։ Մրցանակը ՁԻՀ-ին կտա ՍՊԲ ոլորտի և ՏՀՏ մասնագետների շրջանում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության խթանման հնարավորություն:

«Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին»՝ մեր երկարամյա գործընկերոջը, այս բացառիկ մրցանակի առթիվ»,- նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Սեռով պայմանավորված բռնությունը գլոբալ խնդիր է: Ներկայումս աշխարհում հիմնական մարտահրավերներից է, թե ինչպես  ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ նվազենել այսխնդիրը: Հաշվի առնելով Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ՁԻՀ-ին դրամաշնորհ է շնորհվել գլոբալ լուծում առաջարկելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ ամբողջ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել սեռական զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված բռնությունը տնտեսությունների համար կարող է արժենալ ՀՆԱ-ի մինչև 3.7 տոկոսը՝ արտադրողականության կորստի պատճառով, ի լրումն կանանց և տղամարդկանց հասցվող ուղղակի վնասի», – ասաց Համաշխարհային բանկի խմբի գենդերային հարցերով գլխավոր տնօրեն Քերըն Գրոունը:

«Համաշխարհային բանկի խումբը հպարտ է օժանդակելու Զարգացման շուկայական հարթակի հաղթողներին, որոնց ծրագրերը հետամուտ են կայուն և մասշտաբային մոտեցումներ գտնելուն՝ ուղղված այսօր մեզ համար և ապագա սերունդների համար ՍՊԲ-ի կանխմանը»:

2015 թ. Համաշխարհային բանկի խմբի երկարամյա աշխատակցի դստեր՝ Հաննահ Գրահամի հիշատակին մեկնարկած Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք կարող են օգնել անհատներին, համայնքներին և պետություններին ՍՊԲ արմատախիլ անելու հարցում: Այս տարվա հաղթողները, որոնք ընտրվել են աշխարհի հետազոտական ինստիտուտների, ՀԿ-ների և օգնության ու այլ կազմակերպությունների ներկայացրած ավելի քան 250 առաջարկներից, Հայաստանից, Կամբոջիայից, Կոլումբիայից, Հոնդուրասից, Հորդանանից, Քենիայից, Նեպալից, Պապուա Նոր Գվինեայից, Պերույից, Ռուանդայից և Հարավային Աֆրիկայից են: Հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ մինչև 100 000 ԱՄՆ դոլար և ընտրվեց ընդհանուր արժանիքի, հետազոտության կամ ծրագրի նախագծի և մեթոդների, կարևորության, թիմի փորձառության և էթիկական նկատառումներից ելնելով: