Facebook-ից ոչ թե 50, այլ 87 մլն օգտատիրոջ տվյալ է արտահոսել

Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը ստացել է առնվազն 87 մլն Facebook օգտատիրոջ անձնական տվյալ։ Այս մասին է ասվում սոցցանցի հայտարարության մեջ։

Ավելի վաղ համարվում էր, որ ընկերությունը ստացել է 50 մլն օգտատիրոջ տվյալներ։

Facebook-ի շուրջ սկանդալը սկսվել է մարտի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցից միլիոնավոր մարդկանց անձնական տվյալ է արտահոսել բրիտանական Cambridge Analytica ընկերությանը։

Մասնագետները կարծում են, որ հավաքագրված տվյալներն օգտագործվել են ԱՄՆ նախագահի ընտրությունների ու Brexit քվեարկության ժամանակ:

Սկանդալի սկզբից ի վեր ընկերությունը կորցրել է իր շուկայական կապիտալիզացիայի մոտ 14%-ը կամ ավելի քան $73 մլրդ՝ $537 մլրդ-ից էժանանալով մինչև $464 մլրդ։