Հայաստանը գրավիչ է բլոկչեյն տեխնոլոգիաների համար

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ներկայացրեց Հայաստանի բարենպաստ գործարար միջավայրը «БлокчейнРФ-2018» կոնգրեսին

Մարտի 27-28-ին Մոսկվայում կայացած միջազգային «БлокчейнРФ-2018» կոնգրեսին Հայատանը  ներկայացավ Եվրասիական միության միասնական բլոկչեյն հարթակի ստեղծման և մի շարք այլ հեռանկարային առաջարկներով: Տարածաշրջանում մասշտաբներով ամենամեծ այս կոնգրեսին, որին մասնակցել է 2000-ից ավելի մասնագետ, ներկայացվեցին Հայաստանի գործարար միջավայրի բարենպաստ պայմանները և կնքվեցին հուշագրեր Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ղազախստանի, և այլ երկրների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ:

«Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաներով նախագծեր իրականացնելու հնարավորությունները գրավեցին կոնգրեսին մասնակից մի շարք խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների: Նրանք համաձայնություն հայտնեցին մասնակցելու ս.թ. հունիսին Երևանում կայանալիք միջազգային բլոկչեյն կոնֆերանսին՝ կազմակերպված  Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից: Վերջինս առիթ կհանդիսանա միջազգային գործընկերների համար բարենպաստ գործարար միջավայրին և պայմաններին տեղում ծանոթանալու և նոր համագործակցություններ սկսելու համար»,– նշում է կոնգրեսին Հայաստանի ներկայացուցիչ, Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Վիգեն Առուշանյանը:

Երկօրյա կոնգրեսի շրջանակում քննարկվել են նաև բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման մեթոդներն ու հեռանկարները թվային տնտեսության, օրենսդրական կարգավորումների, ներդրումային տնտեսության և անվտանգության բնագավառներում: Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսը կդառնա հաջորդ առիթը նոր քննարկումների, համագործակցությունների և լայնամասշտաբ նախաձեռնությունների իրագործման համար:

 

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ոչ առևտրային նախաձեռնություն է՝ միտված օժանդակելու կազմակերպություններին, պետական և այլ մարմիններին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համահայկական ծրագրի ստեղծման և իրագործման համար: