Եթե այսօր IT-ին չմտցնենք կրթական համակարգ, կդառնանք պատերազմի միս. Կարեն Վարդանյան

Եթե այսօր IT-ին չմտցնենք կրթական համակարգ, կդառնանք պատերազմի միս. Կարեն Վարդանյան

-Ինչո՞վ է կարևոր IТ–ի ներգրավածությունը այսօրվա կրթական համակարգում:

-Երկու բան կա՝ IT-ին կրթության մեջ և կրթությունը՝ IT-ի մեջ: Այստեղ ավելի հետաքրքիր է կրթությունը IT-ի մեջ: Ավելի շատ բնագիտական  կրթությունը, որովհետև այսօր ամենամեծ մարտահրավերն է կյանքում այսօր: Տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է փոխվում: Մտածելու գործը տալիս են արհեստական  բանականությանը, գործ անելու գործը տալիս են ռոբոտներին, գնալ-գալու  գործը տալիս են ռոբոտացված տաքսիներին և այլն: Ինչ է լինելու դրա վերջում: Այն է, որ ազատվելու է մեծ քանակությամբ մարդկային ուժ և ի՞նչ է լինելու այդ մարդկային ուժը, ի՞նչ պիտի անի: Դրանք ազատվելու են բոլոր երկրներում, ոչ թե մեկ: Ես կարծում եմ՝ 2 տարբերակ կա: Առաջին տարբերակը նա է, որ այդ մարդուժը վերևների ներկայացուցիչները ինչ պիտի անեն, որպեսզի չկերակրեն, պիտի իրար վրա քշեն, պատերազմ լինի ու կոտորեն իրար: Տրամաբանական է: Սա մեկ պատճառ, առնվազն կյանքի հետ կապված, որ կրթությունը շտապ փոխել է պետք: Այն մարդիկ, ովքեր կզբաղվեն ռոբոտներով ու զենքով կմնան կողք, մնացածը կգնան՝ զոհ: Դա անխուսափելի մի բան է այդ իմաստով: Երկրորդ տարբերակն այն է, որ մարդիկ կարողանան ներդաշնակություն ստեղծել, բայց դա էլ է կախված կրթությունից: Իրար հետ գոյատևելու ներդաշնակություն գտնել: Այսինքն՝ հաճույք ստանան ստեղծագործական կյանքից: Մի այնպիսի հասարակություն ձևավորեն, որտեղ խնդիրը փողը չէ, որը միանգամից օլիգարխների և աղքատների է սարքում ու հետո, օլիգարխները աղքատներին ուղղում են պատերազմի մսաղացը: Այլ մարդիկ ընհանուր կրթությամբ բարձրանում են և իրար գնահատում են, փոխադարձ կրթությունը, ստեղծագործականությունը, նոր բան ստանալու հնարավորությունը, հին բանից նոր հաճույք ստանալու հնարավորություն և այլն: Սա էլ երկրորդ տարբերակը, որը առնվազն մենք պիտի ձգտենք դրան: Առաջին տարբերակնել է պահանջում, որ մաքսիմալ խուսափելու համար, պետք է ձգտել այդ ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի ստեղծման և այլն: Մենք նորմալ, նորագույն ու ժամանակակից կրթությունից փախչելու տեղ չունենք:

-Սա մի տիրույթ է, որից, բնականաբար, պետք է հեռու փախչել: Ո՞ւր է գնում Հայաստանը:

-Բայց երբ մենք նայում ենք իրականությանը, պարզվում է՝ մենք շարժվում ենք լրիվ հակառակ ճանապարհով: Այսինքն՝ մենք արդեն ոչնչացրել ենք բուհական համակարգը, մեծ հաջողությամբ ի դեպ: Եվ մեր կրթության նախարարները կարող են արդեն աստղեր դնել քանի բուհ են ոչնչացրել: Առաջ ինքնաթիռ ոչնչացնելուց էին աստղ դնում, հիմա կարծում եմ մեր նախարարների վրա կրթության կարելի է այդպես աստղեր խփել: Եթե նայում ենք աշխատաշուկային, ապա սարսափելի մեծ դիզբալանս կա՝ ինժեներական, բնագիտական հատվածում, հատկապես ՝ այթիում  Եվրոպայում ու ԱՄՆ-ում միասին մոտավորապես  3 միլիոն թափուր աշխատատեղ կա: Ու այսօրվա ինտերնետի պայմանում այդ թափուր աշխատատեղը գնալու է այն երկիր, որը կկարողանա այդ ծառայությունը մատուցել ու ունի այդ մասնագետները: Միաժամանակ մենք հնարավորություն ունենք  լուրջ ներգրավվելու միջազգային աշխատանքի բաժանման մեջ, բայց մենք միևնույն ժամանակ համալսարանների կործանած պարոնների պատճառով, չենք կարող անել, անգամ , եթե համալսարանները իդեալական աշխատեն, ընդամենը 2000 հոգի է տարեկան: Մենք իրավիճակ չենք կարող փոխել: Խորհրդային ժամանակ մենք ունեցել ենք 100000 այթի, հիմա ունենք 16 հազար: Եթե այս տեմպերով գնա, մեզ 150 տարի պետք է, որ մենք ԽՍՀՄ-ի մակարդակին հասնենք:

-Իսկ դպրո՞ցը։

-Դպրոցը ավելի լավ վիճակի մեջ է, քանի որ ծնողը ավելի շատ է հասկանում դպրոցից ու ավելի վատ է հասկանում բուհից ու վատ է վերաբերում: Ինքը բուհից սպասում է մենակ դիպլոմ, որ հետո տանի փողով իր տաղանդավոր բալիկին տեղավորի մի տեղ կաշառակեր դառնա: Դպրոցը դժվար է քանդել, հեշտ չի: Քանդվում է, բայց դժվարությամբ: Հետո լիքը համայնքային դպորցներ կան, իսկ համայնքի մեջ ավելի դժվար է քանդել, դրա համար մեր գյուղական կրթությունը ավելի լավ վիճակում է, ինչքան ես եմ տեսել, քան քաղաքում: Քաղաքում կարող է շենքը սիրուն լինել, պայմանները՝ ավելի լավը, բայց ուսումնական պրոցեսը գյուղերում լավ է: Սա մի կողմից: Սրա մյուս կողմը այն է, որ արդեն ակնհայտ պարզ է, որ այսօրվա արագ փոխվող ինֆորմացիոն հոսքերի, սարքերի, տրանսպորտի, գործիքների պայմաններում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ ուսումնառությունը դառնում է ոչ թե հատվածային՝ ես գնում եմ դիպլոմ եմ ստանում ու վերջ, մինչև կյանքիս վերջ կարող եմ աշխատել այդ մասնագիտությամբ: Այսօր այդպես չէ, ակնհայտ է, որ ուսումնառությունը դա ամբողջ կյանքի խնդիր է և քանի որ ամբողջ կյանքում նաև աշխատում ես, դառնում է, որ աշխատում ես միաժամանակ սովորելով, և հակառակը՝ սովորում միաժամանակ աշխատելով:  Դառնում է ստանդարտ բան ու դու քո սովորելը պիտի ավարտես 80 տարեկանում:

-Իսկ մեր հասարակությունը պատրաստ է ընդունել այս դրույթը:

-Ոչ մեկ չի հարցնում, պատրաստ է, թե՝ ոչ: Պատրաստ չի կդառնա, պատերազմի միս: Ով ուզում է էշ նահատակ չդառնալ, պետք է պատրաստ լինի դրան:

-Խոսեցինք դպրոցից ու դպրոցական կրթության լավ լինելուց: Վերադառնանք մեր առաջին դրույթին՝ կրթությունը IT-ի մեջ: Ի՞նչ դեր ունի այսօր ինֆորմատիկա առարկան դպրոցներում և ինչքանո՞վ է այն օգնում առաջ տանել այդ դրույթը:

-Խայտառակ վիճակում է: Այդ ինֆորմատիկա առարկան 20-25 տարի ուշացած առարկա է: Ինքը պետք է լիներ 95 թվին: Ոչ մեկին պետք չէ: Այդ առարկան այն տեսքով, որով հիմա կա, ընդամենը լուծում է, որ դու տարրական գրագետ լինես, որ ճղած թերթ ընկնի ձեռքդ կարողանաս այդ կտորը կարդալ: Խնդիր չի լուծում երկրի համար, հիմար առարկա է: Այսօր շատ ավելի խորն է IT-ին մտել բոլոր մասնագիտությունների մեջ, քան այն ինֆորմատիկա առարկան, որը փորձում է տրվել ժամանակակից առարկայի տակ: Հեչ ժամանակակից չէ: Այդ ժամը, որ մաթեմատիկայի վրա ծախսեն, ավելի լավ է, որովհետև մի ուրիշ տեղ իրեն ավելի լավ կսովորեցնեն մաթեմատիկան կապել կյանքի, ինժեներության ու ծրագրավորման հետ: Դրա համար ընդհանուր վիճակից ելնելով մենք որոշեցինք գնալ դպրոց, ոչ չէ բուհ: Երկու խնդիր լուծելու՝ ոչ միայն բնագիտական, ինժեներական մասնագետ պատրաստել, այլ նաև այն երեխաները, ովքեր հետաքրքրություն ունեն տալ գիտելիք, անկախ նրանից՝ ինքը բժիշկ կդառնա, ապա կլինի ժամանակակից բժիշկ և այլն: Եվ ստեղծեցինք Արմաթները արդեն 225 դպրոցում ունենք: Մոտ 5100 երեխա արդեն ներգրավված է, մեր երեխաները արդեն ավարտում են ու մեծ պատվով են մեզ թողում, ծառայում են բանակում, լինում են լավագույնները, հատկապես տեխնիկայի հետ աշխատանքի բնագավառում:

-Ի՞նչ խնդիրներ եք լուծում այդ լաբորատորիայով:

-Հետազոտություն ենք արել, որովհետև մեր առաջին  Արմաթի երեխաները սկսել են ավարտել: Ամենակարևոր բանը՝ նրանք չեն արտագաղթում: Եթե գոնե 2 տարի եղել է այդ լաբորատորիայում ուրեմն նա չի արտագաղթում: Դա շատ կարևոր է մեզ համար, մենք հենց այդ նպատակով էինք անում այս նախագիծը: Հատկապես սահմանամերձ գոտիների համար: Հետագայում նաև պիտի գաղթածներին հետ բերենք: Պարզվեց որ, 86 տոկոսը ընդունվում է համալսարան: Ընդունվածների մոտ 50 տոկոսը հա՛մ աշխատում է, հա՛մ՝ սովորում: Աշխատողների միջին աշխատավարձը մոտ 132 հազար դրամ է, որը վատ չէ 18-19 տարեկան շրջանից եկած  երեխայի համար: Բավական բարձր է: Իսկ առհասարակ, Արմաթ սովորած երեխաների  աշխատավարձի միջակայքը 50-300 հազար դրամի սահմանում է ընկած: Երեխաների 12 տոկոսն արդեն սեփական ստարտափ է ստեղծել: Եվ 15 տոկոսն էլ սեփական պրոյեկտներ ունեն:

-Թվերին նայելով կարելի է ասել՝ Արմաթը հաջողել է: Ինչպե՞ս է ստացվել, որ փոքր լաբորատորիան հաջողել է, իսկ պետական կրթական համակարգը՝ ոչ:

-Երբ մենք գնացինք այդ ճանապարհով, պարզվեց, որ դա ունիկալ է: Երբ մենք նայում ենք՝ աշխարհում ինչ կա, մենք տեսնում ենք, որ շատ բան կա: Առանձին կա ռոբոտաշինության խմբակ, դպրոցում ծրագրավորման խմբակ: Մի տեղում. Պարզվեց, պրակտիկորեն այդ ամենը չկա՝ Արմաթի նման: Ընդ որում, այդ ունիկալությունը միջազգային հանրության կողմից նկատվեց և գնահատվեց: Բրազիլիայում մենք Այթի համաշխարհային կոնգրեսի կողմից ստացանք լավագույն կայուն զարգացման նախագծի մրցանակ:

-Իսկ, ո՞րն է պետության խնդիրը այս գործում, ի՞նչ հարցեր նա պետք է լուծի:

-Պետության մեջ կան մարդիկ, որոնք միտումնավոր թույլ չեն տալիս  Հայաստանի առաջանցիկ զարգացումը: Մարդիկ կան, որոնք շատ կարևոր դիրքերում են ու միջազգային ֆինանսական կազմակերպություններին են ծառայում: Այդ մարդկանց կարելի է անվանել աշխարհի նախագծողները ու Հայաստանի համար որպես բարձր տեխնոլոգիական երկիր աշխարհի այդ նախագծում տեղ հատկացված չէ: Իրենց ներկայացուցիչները բնականաբար խանգարում են, խանգարում են մարդիկ, որոնք հեռու են տեխնոլոգիաներից և պատկերացում չունեն դրանց զարգացման մասին: Դժվար է գնում: Մենք ունենք պայմանավորվածություն, որ մեր լաբորատորիաները ինչքան, որ ստեղծենք պետությունը պետք է ֆինանսավորի դասատուների աշխատավարձը, բայց առայժմ դա արվում է 160 խմբակի համար: Այսինքն 60-65 խմբակ օդից կախված են, այդ թվում նաև այն խմբակները, որն այս տարի կստեղծենք:

Սյուզան Թոսունյան