Հայ-բրիտանական WICASTR ստարտափը ներկայանալու է թագավորական ընտանիքին

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի  հիմնադրած, տեխնոլոգիական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Pitch@Palace 2018 մրցույթին մասնակցության համար ընտրվել են 42 ինովացիոն ստարտափեր, որոնց թվում է նաև Հայ-բրիտանական WICASTR ընկերությունը:

Pitch@Palace-ը (թարգմանաբար «Ելույթ պալատում») կազմակերպում է Յորքի Դուքս, Էլիզաբեթ II-ի որդի,  արքայազն Էնդրյուն:

Ապրիլի 25-ին Մեծ Բրիտանիայի Սբ. Ջեյմսի պալատում տեղի է ունենալու Pitch@Palace 9.0 մրցույթի 2-րդ փուլը, որտեղ WICASTR-ը ներկայացնելու  է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Արմին Սաիդին։

Մրցույթի առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա մարտի 13-ին Մանչեսթրի համալսարանում, որտեղ WICASTR-ը հաջողությամբ մեկնարկել է՝ հայտնվելով տեխնոլոգիայի ասպարեզում հեղինակավոր առաջնորդների ուշադրության կենտրոնում: Մրցույթի մեկնարկից հետո սկսվել է քվեարկություն «լավագույն ստարտափ» կոչման համար, որն ավարտվելու է ապրիլի 25-ին: Մրցույթում WICASTR-ի օգտին հնարավոր է քվեարկել հետևյալ հղումով՝ http://peopleschoice.pitchatpalace.com/entry/41/wicastr:

Այս տարվա Pitch@Palace-ում ներկայացվող կազմակերպությունները աշխատում են Արհեստական ինտելեկտի (Artificial Intelligence), մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի ինտերնետի (IoT- internet of things), կիբեր անվտագության, բլոքչեյնի, պաշտպանության, քլաուդի (Cloud) և 3D տպագրության ոլորտներում:

Այս մրցույթում WICASTR-ը ներկայացել է իր SMART EDGE պլատֆորմով, որն ապահովում է տվյալների մշակում և կոնտենտի (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլ) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի առկայության:

WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչներից՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր՝ տվյալների վերլուծության և իրական ժամանակում կոնտենտի տարածման հնարավորությամբ և ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել կոնտենտը:

Թերևս հարց առաջանա, եթե կա արագ ինտերնետ, և Քլաուդը (աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գերհզոր սերվերներ, որոնք մշակում են ինտերնետում հայտնվող տվյալնեը) լիովին ապահովում է տվյալների մշակումը, ապա ի՞նչ կարիք կա օգտագործել ինչ-որ լոկալ սարք՝ տվյալների մշակման և տարածման համար: Պատասխանը մեկն է. ինտերնետում կատարվող ցանկացած գործողություն հրամանի տեսքով հասնում է որևէ երկրում գտնվող  կենտրոնացված սերվերի և նոր միայն վերադառնում մեզ: Որքան շատանում են այս հրամանները, այնքան մեծանում է դեպի սերվերներ գնացող տվյալների ծավալը, մինչդեռ Քլաուդին հասնող տվյալների թունելի թողունակությունը մնում է նույնը:

Այն ահռելի տեմպը, որով աճում են ինտերնետից կախված սմարթ սարքերը, սենսորները և կապակցված օբյեկտները, և այն տվյալների ծավալը, որոնք դրանք գեներացնում են և ուղարկում մշակման դեպի կենտրոնացված սերվերներ, շատ շուտով հանգեցնելու են խոտանի, առաջանալու է ինտերնետի դանդաղում, սպասման ժամանակի ավելացում և, պարզապես, անհուսալի կապ: