«Այբ» դպրոցում կգործի Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան

«Այբ» դպրոցում կգործի Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիան

Ucom-ի աջակցությամբ «Այբ» դպրոցում պաշտոնապես բացվեց Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ–լաբորատորիան։ Բացման արարողության ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նաև համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Ucom Digital Lab սենյակ-լաբորատորիան նախատեսված է «Այբ» դպրոցի 3-ից 10-րդ դասարանի աշակերտների համար, որտեղ վերջիններս կկարողանան հմտանալ արհեստական բանականության ոլորտում, սովորել ծրագրավորում, համադրել համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: Համատեղ նախագծի նպատակն է ապահովել մասնագիտական զարգացում, այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման, շփումների հետաքրքիր և պահանջված ձևաչափեր: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագիծը ևս մեկ քայլ է դեպի կրթված, բանիմաց ու ստեղծարար սերնդի ապահովում։ Իսկ ստեղծարար ու ամենակարևորը՝ նորարար սերունդն ապագայի գիտելիքը պետք է ձեռք բերի նույնքան նորարարական, ոգևորիչ և ստեղծագործելը խթանող միջավայրում», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ժամանակակից աշխարհում առաջատար կարող են համարվել միայն այն ընկերությունները, որոնք ցուցաբերում են սոցիալական հոգածություն, մտածում են ապագայի մասին, իրենց ներդրումն են ունենում այդ ապագայի մեջ։ Ucom-ը մեզ համար նման ընկերության օրինակ է, մի կազմակերպություն, որ ձեռք մեկնեց «Այբ»-ին և առաջարկեց համատեղ աշխատանք՝ նոր սերնդին նորագույն տեխնոլոգիաների շուրջ լավագույն կրթություն մատուցելու համար։ Մենք շատ ուրախ ենք այս գործակցության համար և վստահ ենք, որ այն մեծ հեռանկարներ ունի», – նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավելենք, որ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի ներդրմամբ կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել գործակցության եզրերն ընդլայնելու, որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու, ավելի մեծ թվով լսարան ընդգրկելու և ավելի մեծ ազդեցություն ապահովելու ուղղությամբ:

Թեգեր: Armenia, Ucom