Telegram-ը բողոքարկել է ՌԴ Գերագույն դատարանի որոշումը

Telegram մեսենջերը բողոքարկել է Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը, որն օրինական է համարել ԱԴԾ հրամանը՝ իրեն օգտատերերի հաղորդագրությունների գաղտնագրման բանալիները տրամադրելու անհրաժեշտության մասին, իր Telegram-ալիքում հայտնել է փաստաբան Պավել Չիկովը:

Նրա խոսքով՝ Telegram-ը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարանի Վերաքննիչ կոլեգիա՝ խնդրելով անվավեր համարել մարտի 20-ի ԱԴԾ պահանջի օրինականության մասին Գերագույն դատարանի որոշումը:

Պաշտպանական կողմը պնդում է, որ ԱԴԾ հրամանն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից լիազորությունների գերազանցմամբ,և որ այն սահմանում է անորոշ շրջանակով անձանց նամակագրության վերահսկողություն ստանալու արտադատական միջոց: Փաստաբանների գնահատմամբ՝ այդ իրավիճակը «սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»: