Երևանում ավարտվեց Microsoft-ի աջակցությամբ անցկացվող Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթի ազգային փուլը

Երևանում որոշվեցին Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթի ազգային փուլում ներկայացված լավագույն աշխատանքները։ Հաղթողներ ճանաչվեցին երիտասարդ ծրագրավորողների երկու թիմեր՝ «Breedge»-ը և «Secos»-ը։

Փորձագետներից կազմված ժյուրին դիտարկեց եզրափակիչ դուրս եկած 9 ծրագիր` ստեղծված Մայքրոսոֆթ Աժուր ամպային հարթակի հիմքի վրա։ Ժյուրին գնահատում էր ծրագրի եզակիությունը, նորարարությունը և թիմի՝ իր ծրագիրը պատշաճ կերպով ներկայացնելու ունակությունը։

«Breedge» թիմը, որը ներկայացնում էր Ամերիկյան և Սլավոնական համալսարանները, մշակել էր կարիերայի հաջողության հարթակ՝ գործատուների և ուսանողների առավել արդյունավետ որոնման համար։ Breedge-ն օգնում է ընկերություններին գրավել, գնահատել և աշխատանքի ընդունել այն ուսանողներին, որոնք համապատասխանում են իրենց ընկերության կորպորատիվ մշակույթին։

«Secos» թիմի ծրագիրը ներկայացնում է ինտելեկտուալ թափոնների տարայի մշակում։ Կիրառելով թիմի կողմից մշակված էլեկտրոնային սարքավորումներ, հնարավոր է գնահատել աղբամանների լցվածության աստիճանը և փոխանցել այդ տվյալները դեպի ամպ։ Հավելվածում առկա է քարտեզ, որը, կախված ստացված տվյալներից, կառուցում է օպտիմալ երթուղի աղբահան մեքենաների համար, այդպիսով խնայելով ժամանակը և վառելիքը։

«Imagine Cup մրցույթը հիանալի հնարավորություն է  երիտասարդ ծրագրավորողների համար ցուցադրելու իրենց և իրենց լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիին, ինչպես նաև ձեռք բերելու կարևոր փորձ։ Մասնակիցները հաճելիորեն զարմացրեցին ժյուրիին Microsoft և ոչ միայն Microsoft հարթակի վրա ծրագրեր մշակելու իրենց խորը գիտելիքներով։ Ցուցադրված ծրագրերը կարող են վերաճել հաջողակ սթարթափների», – մրցույթի արդյունքները մեկնաբանեց Imagine Cup ազգային փուլի ժյուրիի անդամ Լևոն Հովհաննիսյանը։

Հաղթող երիտասարդները կներկայացնեն իրենց ծրագրային լուծումները ԱՊՀ երկրների եզրափակիչում, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 19-ին, Մինսկում։ Այս փուլի հաղթողները կուղևորվեն ԱՄՆ՝ մեծ եզրափակչին մասնակցելու համար։

ՏՏ ծրագրերի Imagine Cup խոշորագույն միջազգային մրցույթին մասնակցությունը երիտասարդ ծրագրավորողներին հնարավորություն է տալիս ստանալ խորհուրդներ տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներից և կիսվել իրենց ծրագրերով Microsoft-ի աշխատակիցների հետ, ինչն էլ կարող է դառնալ հաջողակ կարիերայի սկիզբը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում smartgate.vc վենչուրային հիմնադրամին և Microsoft ինովացիոն կենտրոնին տարածաշրջանային մրցույթի մասնակցության համար մասնակիցների վերապատրաստման, մասնավորապես՝ ներկայացման հմտությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար։

Ամեն տարի շատ երկրներում կազմակերպելով Imagine Cup-ը՝ Microsoft-ը ստեղծում է երիտասարդների ինքնադրսևորման, կրթության, արվեստի, ձեռնարկատիրական կարողությունների զարգացման և թվային տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնման հնարավորություններ։