ԶԼՄ–ները հայտնել են Facebook սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսքի մասին

Հոգեբանական թեստերի հավելվածներից օգտվող Facebook–ի շուրջ երեք միլիոն օգտատերերի անձնական տվյալները 4 տարի շարունակ հասանելի են եղել երրորդ կողմի համար։ Ընդ որում` առանց սահմանափակումների։

myPersonality հավելվածը Քեմբրիջի համալսարանի նախագիծն է, որը ստեղծվել է 2007 թվականին։ Դրա միջոցով օգտատերերը կարող են հոգեբանական թեստեր լուծել և արդյունքներով կիսվել իրենց ֆեյսբուքյան էջում։  

Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 6 միլիոն մարդ է անցել թեստը և նրանց մի մասը համաձայնել է կիսվել այդ տվյալներով ֆեյսբուքյան էջում։ Հավելվածի հեղինակները հավաքել են այդ տվյալները, տեղադրել են վեբկայքում, որ հետազոտողները կարողանան դրանցից օգտվել։

Այնուամենայնիվ, Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները տվյալները տեղադրել են առանց անվտանգության համապատասխան միջոցների, ուստի 4 տարի շարունակ այդ տվյալների հասանելիության գաղտնաբառը հասանելի է եղել առցանց։ Այդ տվյալները ներառում են հասակը, սեռը, գտնվելու վայրը, թեստի արդյունքները և այլ մանրամասներ։ Անվտանգության թույլ միջոցները կարող էին հնարավորություն տալ չարագործներին տվյալները օգտագործել ոչ իրենց նշանակության։